ԿԲ սթրես-թեստերը վկայում են բանկային համակարգի բարձր հուսալիության մասին

26.04.2011 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Նույնիսկ եթե ՀՀ բանկային համակարգի վարկերի 30%-ը որակավորվի որպես «վատ», ոչ մի բանկ խնդիր չի ունենա վճարունակության հետ, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Վահե Վարդանյանն ասել է, որ ԿԲ-ն ամեն ամիս մշակում է սթրես-սցենարներ բանկային համակարգի համար` դրա կայունության հարցում վստահ լինելու նպատակով:

«Նույնիսկ ամենահոռետեսական սցենարի դեպքում, երբ համախառն վարկային պորտֆելի 30%-ը որակավորվի որպես «վատ վարկ», համակարգը կարող է կլանել բոլոր ռիսկերը, եւ ոչ մի բանկ խնդիր չի ունենա վճարունակության հետ»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը:

Վահե Վարդանյանի խոսքերով, ՀՀ բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն եւ բարձր կապիտալացված: «Կապիտալի համարժեքության ցուցանիշը տարեվերջի դրությամբ կազմել է 22,2%: Բանկերի իրացվելիությունը կրկնակի գերազանցում է պահանջվող նորմերը, սակայն բանկերը իրացվելիությունը պահպանում են այդպիսի բարձր մակարդակում «երկար փողերի» անբավարարության պատճառով»,- նշել է Վահե Վարդանյանը:

Նա նշել է, որ 2010թ. ՀՀ բանկային համակարգի համախառն վարկային պորտֆելի 26.3% աճի արդյունքում վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ կազմել է 25,3%, իսկ ֆինանսական միջնորդության մակարդակը (ֆինանսական համակարգի ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ) ներկայումս կազմում է 44.5% (աճը` 2.6%), ինչը զգալիորեն ցածր է արեւելաեվրոպական այլ երկրների համանուն ցուցանիշներից:

ԿԲ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ զարգացման այժմյան տեմպի պահպանման դեպքում մոտ ապագայում ՀՀ ֆինանսական համակարգը կհասնի եկամտաբերության նախաճգնաժամային մակարդակին:

Դիտում՝ 7328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW