Կառավարությունը չի ընդունել գնաճի զսպման մասին ՀՅԴ եւ ոչ մի առաջարկ, ասել է Արծվիկ Մինասյանը

20.04.2011 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկը կարող է գնաճի դեմ պայքարել բացառապես մոնետար գործիքներով, որոնք քիչ արդյունավետ են` հաշվի առնելով ստվերային տնտեսության մեծ ծավալները, ասյօր ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում չկա համալիր մոտեցում գնաճի դեմ պայքարին, եւ պետական բոլոր կառույցները հակված են իրար վրա գցել այդ պայքարի պատասխանատվությունը: 

Միաժամանակ, ինչպես նշել է պատգամավորը, կառավարությունը չի ընդունել գնաճի զսպման մասին ՀՅԴ եւ ոչ մի առաջարկ:

«Մենք, մասնավորապես, կառավարությանն առաջարկել էինք ձեւավորել առաջին անհրաժեշտության ապրանքների պահուստներ եւ կազմակերպել դրանց վաճառքը ածանցյալ արժեթղթերի շուկայում: Արդյունքում, օրինակ, շաքարավազի միակ ներկրողը չէր կարող գին հայտարարել սեփական ցանկությամբ, այլ ստիպված կլիներ այն Հայաստանում վաճառել բորսային եղանակով»,- ասել է Արծվիկ Մինասյանը` նշելով, որ արդյունքում կգոյանար մրցունակ գին, եւ տնտեսական այլ սուբյեկտները հնարավորություն կունենային մտել այդ շուկա:

Պատգամավորն ասել է, որ այդպիսի որոշումն անհրաժեշտ է Հայաստանին, որտեղ մոնոպոլիզացված է շաքարի, հացահատիկի, վառելիքի եւ առաջին անհրաժեշտության բազմաթիվ այլ ապրանքների ներկրումը:

Խոսելով իշխանությունների կողմից այդ առաջարկի ընդունումը մերժելու պատճառների մասին` Արծվիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ նման որոշումները «ձեռնտու չեն երկրի կառավարման համակարգի վրա ազդեցություն ունեցող անձանց»:

Դիտում՝ 6671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW