Կստեղծվեն աննախադեպ հարթակներ նորարարական աճի համար, ասել է վարչապետը

19.04.2011 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկայացրել է կառավարության տնտեսական ռազմավարությունը` ուղղված հետճգնաժամային ժամանակահատվածի մարտահրավերների հաղթահարմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովում Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն առանձնացրել է բարեփոխումների յոթ առանցքային փաթեթներ, որոնք երկիրը կմղեն դեպի նորարարական տնտեսություն:

Առաջին փաթեթը նախատեսում է պետական-արդյունաբերական քաղաքականության ներդրում: «Տնտեսության դիվերսիֆիկացումը, արտահանման զարգացումը հիմք են հանդիսանում կայուն եւ երկարաժամկետ աճի, նորարարական ներուժի ընդլայնման ու կայունության ապահովման համար»,- ասել է ՀՀ  կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ ՀՀ Ազգային Ժողովը հաստատել է ազատ տնտեսական գոտիների մասին օրինագիծը, որի ընդունմամբ «երկրում կստեղծվեն աննախադեպ հարթակներ նորարարական աճի համար»:

Բարեփոխումների երկրորդ փաթեթը նախատեսում է գյուղատնտեսության զարգացում ոլորտի արդիականացման եւ արտադրության ծավալների ավելացման եղանակով, ասել է վարչապետը:

«Բարեփոխումների երրորդ փաթեթն ուղղված է տեղեկատվական հասարակության ձեւավորմանը: Հայաստանն ավանդաբար համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր: Նույնիսկ ճգնաժամի ընթացքում այդ ոլորտում արձանագրվել է երկնիշ աճ: Այդ աճի ամրապնդման գրավականը լայնաշերտ ինտերնետի ներդրումն է Հայաստանի բոլոր անկյուններում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության տնտեսական ռազմավարությունը նախատեսում է նաեւ բարենպաստ պայմանների ստեղծում բիզնես վարելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ նպատակով բիզնեսի կարգավորման բոլոր ոլորտներում ներդրվում է հիմնական սկզբունքը. կանոնները  պետք է լինեն պարզ, հասկանալի եւ միասնական բոլորի համար:

«Հինգերորդ ուղղությունը կապված է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի հետ` նոր ատոմային էներգաբլոկի, ճանապարհների կառուցում եւ այլն: Բարեփոխումների վեցերորդ փաթեթն ուղղված է մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը ներկայացրել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացը, ինչպես նաեւ միջուկային բժշկության նոր կենտրոնի ստեղծման նախագիծը քաղցկեղային հիվանդությունների բուժման համար նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Բարեփոխումների յոթերորդ փաթեթն ուղղված է տարածքների հավասարաչափ զարգացմանը: Առանց կառավարության օժանդակության շատ շրջաններ չեն կարող դուրս գալ զարգացման նոր մակարդակ: Մենք ցանկանում ենք ռուսաստանյան մեր գործընկերների փորձով ներդնել մարզերի զարգացման պետական-ներդրումային հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն շրջանային ծրագրերի իրականացմանը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 6050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW