Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը մտադիր է լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ հայթայթել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը շարունակելու համար: Ինչպես այսօր հայտնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը, 2010 թվականի ապրիլ ամսից մինչ 2011 թվականի մարտի 18-ը երիտասարդ ընտանիքներին 315 վարկ է տրամադրվել, որոնցից 204-ը` Երեւանում, 111-ը` մարզերում: Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 2.5 մլրդ դրամ: Միջին վարկի չափը` 7.9 մլն դրամ, 12.2 տարի ժամկետով եւ 10.2% տարեկան տոկոսադրույքով: Արսեն Քարամյանը նշել է, որ ծրագիրը նախատեսված է վճարունակ երիտասարդ ընտանիքների համար, որոնց ընդհանուր բյուջեն ամսեկան շուրջ 300 հազար դրամ է կազմում: «Այս ծրագիրը չի նախատեսում սոցիալապես անապահով խավերի խնդիրների լուծում, այն որոշակի ֆինանսական բազայի առկայություն է ենթադրում»,- հայտնել է փոխնախարարը: Tweet Դիտում՝ 6259