Երեւան, Մեդիամաքս: 2010թ. ՀՀ տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների ծավալը 2009թ. համեմատ կրճատվել է 41%-ով` կազմելով $1 մլրդ 505,7 մլն: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարի ուղղակի արտասահմանյան ներդրումների հոսքը կրճատվել է 23,5%-ով` կազմելով $693.4 մլն: Հայաստանյան տնտեսության մեջ ամուր ներդրումների ծավալը 2010թ. կրճատվել է շուրջ 2 անգամ` կազմելով $811.9 մլն; պորտֆելային ներդրումների ծավալի կրճատումը նախորդ տարի կազմել է 96,4% ($0,4 մլն): ՀՀ տնտեսության մեջ խոշորագույն օտարերկրյա ներդրողը մնում է Ռուսաստանը ($270.3 մլն, որից ուղղակի է $194.5 մլն-ը): Երկրորդ տեղում է Ֆրանսիան ($146.7 մլն, ամբողջ ներդրումն ուղղակի է); երրորդում` Նիդեռլանդները ($64.3 մլն, որից ուղղակի է $3.5 մլն-ը): Նախորդ տարի Հայաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումների ամենամեծ ծավալն ուղղվել է հեռահաղորդակցային ոլորտ ($190.6 մլն, տեսակարար կշիռը` 39.7%), տեսակարար կշռով երկրորդ տեղում է էներգետիկայի ոլորտը (21.07%, $101.7 մլն); երրորդում` 7.84% մասնաբաժնով վերգետնյա եւ խողովակաշարային տրանսպորտի ոլորտն է: 2010թ. արտասահմանում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց ներդրումների ընդհանուր ծավալը 2009թ. համեմատ կրճատվել է երկու անգամ` կազմելով $94.4 մլն: Միաժամանակ, արտասահմանում հայաստանյան ընկերությունների ուղղակի ներդրումների ծավալը 2010թ. կազմել է $8.3 մլն` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 84.4%-ով: Tweet Դիտում՝ 7209