ՄՖԿ-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ հատկացրել է $ 20 մլն

30.03.2011 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համար բացել է $ 20 մլն-ի վարկային գիծ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ գյուղատնտեսության ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը եւ ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Ստեփան Գիշյանը տեղեկացրել է, որ վարկերը տրամադրվելու են շուկայական տոկոսադրույքներով, մինչեւ 5 տարի ժամկետով (բանկի կողմից վարկային գծի մարման ժամկետը): Գյուղատնտեսության ֆինանսավորման վարկի տոկոսադրույքները սկսվելու են տարեկան 14%-ից: Բանկի ղեկավարն ասել է, որ ՄՖԿ-ի ֆինանսավորման հաշվին տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները պետության կողմից չեն սուբսիդավորվելու: «Սակայն բանկը` որպես ՀՀ գյուղատնտեսական հատվածի խոշորագույն վարկատուներից մեկը, անպայման կմասնակցի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագրին»,- նշել է Ստեփան Գիշյանը:

Թոմաս Լյուբեքն ասել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համար բացվող վարկային գիծը ՄՖԿ-ի խոշորագույն գործարքներից է հայաստանյան բանկային կառույցի հետ: «Մինչ գումարի հատկացումը կորպորացիան մանրամասն ուսումնասիրել է վարկառուին եւ համոզվել, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իսկապես շատ լավ բանկ է»,- ասել է Թոմաս Լյուբեքը:

ՄՖԿ-ի տարածաշրջանային ղեկավարի խոսքերով, տրամադրելով այդ վարկը` կորպորացիան ձգտում է օժանդակել գյուղատնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության աճին, նախեւառաջ, Երեւանի սահմաններից դուրս:

Ստեփան Գիշյանը տեղեկացրել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գյուղատնտեսական վարկերի պորտֆելը ներկայումս գերազանցում է 30 մլրդ դրամը, «ինչը կազմում է Հայաստանում գյուղատնտեսության վարկավորման համախառն ծավալի կեսից ավելին»: Բանկի ղեկավարը նշել է նաեւ, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելը մի քանի օր առաջ գերազանցել է 100 մլրդ դրամի նշաձողը, «ինչը աննախադեպ է ՀՀ բանկային համակարգում»:

Դիտում՝ 9193
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW