JTI. Հայաստանում գրեթե չկա ծխախոտի անօրինական շրջանառություն

28.03.2011 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում գրեթե չկա ծխախոտի անօրինական շրջանառություն, հայտարարել է Japan Tobacco International (JTI) Export Markets-ի կորպորատիվ հարցերի եւ հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքսանդր Ավազաշվիլին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ժնեւում (Շվեյցարիա) JTI-ի կենտրոնական գրասենյակ հայաստանյան եւ վրացական լրագրողների կատարած մամլո շրջագայության ընթացքում ներկայացնելով ընկերության գործունեությունը Հարավային Կովկասի երկրների շուկաներում` Ալեքսանդր Ավազաշվիլին ասել է, որ դա հիմնականում պայմանավորված է հարեւան երկրների հետ ծխախոտի հարկման համադրելի մակարդակով եւ Հայաստանում ու Վրաստանում գրագետ գնային քաղաքականությամբ (ծխախոտների փոխադարձ մաքսանենգ հոսքերը բացառելու նպատակով):

Ալեքսանդր Ավազաշվիլին ողջունել է ՀՀ կառավարության որոշումը եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունները տեղական եւ արտասահմանյան ծխախոտային ապրանքների հարկումն աստիճանաբար հավասարեցնելու վերաբերյալ, միաժամանակ, նշելով, որ Հայաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի պայմանները:

Բացի այդ, Ավազաշվիլին նշել է, որ ակցիզահարկի տոկոսների չկշռադատված բարձրացումը կարող է մեծացնել անդրսահմանային գնումների եւ մաքսանենգության ռիսկերը:

Որպես օրինակ Ալեքսանդր Ավազաշվիլին ներկայացրել է վրացական փորձը, որտեղ 2005թ. հունվարի 1-ից ակցիզահարկի 2.5 անգամ բարձրացումից հետո ապօրինի շրջանառությունը սկսել էր կազմել երկրի տարածքում ծխախոտի համախառն վաճառքի 65%-ը:

«Իրավիճակը հաջողվեց կարգավորել կառավարության եւ արդյունաբերության միջեւ արդյունավետ երկխոսության շնորհիվ, որից հետո ակցիզահարկը նվազեցվեց, եւ ներկայումս Վրաստանի շուկայում ապօրինի վաճառվող ծխախոտային ապրանքների ծավալը կազմում է 1-2%»,- ասել է Ալեքսանդր Ավազաշվիլին:

Նա նշել է, որ ծխախոտ արտադրողները եւ, մասնավորապես, JTI-ը, երկխոսություն են հաստատել նաեւ ՀՀ կառավարության հետ, «ինչը ընկերության համար շատ կարեւոր հանգամանք է»: «JTI-ի համար կարեւոր է հնարավորություն ունենալ արտահայտել կարծիքը կանոնակարգման հարցերի, օրենսդրական գործընթացի եւ օրենսդրության որակի շուրջ»,- ասել է Ալեքսանդր Ավազաշվիլին:

Որպես ծխախոտային ապրանքների շրջանառության կարգավորման ոլորտում Հայաստանի եւ ԱՊՀ այլ երկրների օրենսդրության ամենախոցելի կետերից մեկը Ալեքսանդր Ավազաշվիլին մատնանշել է երկրից ծխախոտի չկարգավորված արտահանման սահմանափակման բացակայությունը, ինչը ստեղծում է անօրինական անդրսահմանային հոսքերի ռիսկեր, որոնք կարող են սրանալ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: «Խնդիրն այն է, որ Թուրքիայում ծխախոտի գինը երեք անգամ բարձր է, քան Հայաստանում, եւ սահմանի բացման արդյունքում հնարավոր է Հայաստանից Թուրքիա ծխախոտի մաքսանենգություն»,- ասել է Ալեքսանդր Ավազաշվիլին` նշելով, որ դեպի Թուրքիա ծխախոտի ապօրինի հոսք արդեն նկատվել է նախորդ տարվա երկրորդ կեսին հարեւան Վրաստանից:

JTI-ի հարկային վերլուծության եւ մոդելավորման գծով մենեջեր Ակտոլկին Կուրմանբաեւան ասել է, որ ծխախոտային հարկման բնագավառում կառավարության եւ արդյունաբերության միջեւ սերտ համագործակցությունը տեղեկատվության ու առաջավոր փորձի փոխանակման ոլորտում անհրաժեշտ է ծխախոտի անօրինական առեւտրի դեմ պայքարի համար: «Ծխախոտի հարկման հաջող քաղաքականության առանցքային պայմանը մաքսանենգության համար խթանների սահմանափակումն է, որը հանգեցնում է պետության եկամուտների կորստին, խոչընդոտում է առողջապահության նպատակներին եւ օրինական արտադրողների ու մանրածախ առեւտրի գործունեությանը»,- ասել է Ակտոլկին Կուրմանբաեւան:
 
Նրա խոսքերով, ակցիզային տոկոսների աճի շարունակման պայմաններում երկրների կառավարությունները պետք է ներդնեն հարկման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման եւ եռամյա պլանավորման համակարգ; հարկման տոկոսադրույքը պահեն սպառողների գնողունակությանը համաչափ մակարդակում, որպեսզի ապօրինի արտադրանքի պահանջարկը հասցվի նվազագույնի; վարեն հարկային տոկոսների հաշվառում` հարեւան երկրներում կամ ազատ առեւտրի գոտիներում անդրսահմանային գնումների եւ մաքսանենգության համար խթանների բացառման նպատակով; ինչպես նաեւ պարզեցնեն վարչարարությունը ոլորտի պատնեշները եւ հարկային պահանջներին հետեւելու ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Դիտում՝ 9080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW