Երեւան, Մեդիամաքս: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը կարճաժամկետ հատվածում կհանգեցնի որոշակի դրական արդյունքների գնաճի զսպման առումով, բայց դրա հետ մեկտեղ որոշակիորեն կդանդաղեցնի տնտեսության վերականգնումը:Ըստ նրա, երկարաժամկետ հատվածում բարձր գնաճի դեմ պետք է լինելու պայքարել տնտեսությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով:Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ներկայումս ՀՀ-ում ձեւավորված գների բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված է արտաքին շուկաներից եկող գնաճային ճնշումներով եւ նախորդ տարի գյուղատնտեսությունում արձանագրված ցածր բերքատվությամբ:Խոսելով գնաճի արտաքին գործոնների մասին, Դավիթ Հարությունյանը մատնանշեց այն, որ 2008թ-ից սկսած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեղմելու եւ տնտեսական աճին նպաստելու նկատառումներով բազմաթիվ երկրներում դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմիններն իրականացրեցին իրացվելիության ներարկում իրենց տնտեսություններում, որի արդյունքում մեծացավ դրամական զանգվածը համեմատած ապրանքային զանգվածի հետ եւ որոշ ժամանակ անց ձեւավորվեցին գնաճային ճնշումներ: Բացի այդ, ինչպես նշեց Դավիթ Հարությունյանը, վերջին մեկ տարում, հիմնականում պայմանավորված ցածր բերքատվությամբ, տեղի ունեցան մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների (հացահատիկային կուլտուրաներ, շաքարավազ, սուրճ եւ այլն) եւ վառելիքի գների թանկացումներ: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» գործադիր տնօրենի տեղակալը նշեց, որ գնաճային ճնշումների ավելացմանը նպաստում են նաեւ Չինաստանում եւ Հնդակստանում շարունակվող գների աճը` պայմանավորված համախառն պահանջարկի ավելացման հետ: 2011 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 12.4%:Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանում գնաճի մակարդակը ավելի բարձր է, քան շատ այլ եվրոպական երկրներում, Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա պայմանավորված է Հայաստանի տնտեսության ներկրող կառուցվածքով: «2011թ. հունվար ամսվա ընթացքում ներմուծման ծավալները ($255.3 մլն) գերազանցել են արտահանման ծավալները ($66.3 մլն) գրեթե 4 անգամ, ինչը իր ազդեցությունն է ունենում ներքին գների վրա` արտաքին շուկաներում ձեւավորվող գների միջոցով», - ասաց Դավիթ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 7353