Երեւան, Մեդիամաքս: Այսօր ՀՀ Կենտրոնական բանկում /ԿԲ/ տեղի է ունեցել LexBox օրենսդրության եւ քաղաքականության բազայի շնորհանդեսը ֆինանսների եւ բիզնեսի ոլորտում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ LexBox-ը իրավական տեղեկատվության համակարգ է ՀՀ ֆինանսական հատվածի եւ նրա հիմնական առեւտրային գործընկերների ոլորտում, որոնց թվում են Ռուսաստանը եւ ԵՄ երկրները: Վարուժան Ավետիքյանն ասել է, որ բազայում ներառված են նաեւ Վրաստանն ու Թուրքիան: ԿԲ իրավաբանական վարչության պետի խոսքերով, տվյալների բազայում ներառված են նաեւ պաշտոնական հրապարակումներ, մասնավորապես, ԿԲ-ի կողմից հրապարակված գրքեր, պարբերականներ, հաշվետվություններ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված հաշվետվություններ ու զեկույցներ: Վարուժան Ավետիքյանի գնահատմամբ, LexBox-ը, որի նման համակարգեր կան տարբեր երկրներում, օգտակար գործիք կդառնա գործարարների, օտարերկրյա ներդրողների, խորհրդատվական ընկերությունների, դասախոսների, ուսանողների, լրագրողների եւ վերլուծաբանների համար: Համակարգը հասանելի է www.lexbox.am կայքում: Կենտրոնական բանկի կողմից թողարկվել են LexBox-ի 500 օրինակներ USB-կրիչներով, որոնք տարածվել են պետական մարմիններում, բուհերում եւ մասնավոր ընկերություններում: ԿԲ իրավաբանական վարչության Եվրամիության բաժնի իրավախորհրդատու Սվետլանա Մալերյանը նշել է, որ բազան թույլ է տալիս ծանոթանալ այս կամ այն երկրի իրավական համակարգին ու քաղաքականությանը ֆինանսական հատվածի ու գործարար միջավայրի ոլորտում եւ պարբերաբար թարմացումներ ստանալ: Tweet Դիտում՝ 7515