Ներկայացնում ենք ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը, որը տրամադրվել է “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից:- Պարոն Օսկանյան, այսօր Հայաստանի կառավարության համար հիմնական մարտահրավերը գնաճն է ու դրա զսպումը: Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որի նպատակը առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի զսպումն է: Վարչապետն ընդունել է, որ նման պրակտիկան ցանկալի չէ, հազվադեպ է կիրառվում, բայց մյուս կողմից՝ դա ունենում է դրական ազդեցություն շուկայի մասնակիցների վրա: Կարծում եք՝ օրենսդրական այս նոր գործիքը կաշխատի՞: - Չեմ կարծում, որ կառավարությունը ճիշտ մոտեցում է որդեգրում: Գների զսպման հարցում պետական միջամտությունը երբեք արդյունավետ չի եղել: Հակառակը, նման մոտեցումը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ շուկայի հավասարակշռության վրա: Կառավարությունը պետք է գնա ոչ թե օրենսդրական, այլ բարեփոխումների ճանապարհով: Սղաճը, ըստ էության, ունի երկու աղբյուր` ներքին եւ արտաքին: Երկրի ներսում, երբ պահանջարկն առաջարկից մեծ է, գները, բնականաբար, բարձրանում են: Սակայն, այսօր Հայաստանում այդ վիճակը չէ. պահանջարկը ցածր է, տնտեսությունը շատ դանդաղ է աճում, գնողունակությունը նույնպես շատ ցածր է: Մի խոսքով, Հայաստանը գտնվում է ստագֆլյացիայի մեջ, այն է` սղաճ նվազագույն աճի պայմաններում: Հայաստանի սղաճը գալիս է դրսից: Քանի որ համաշխարհային գներն աճում են, եւ մենք իրոք մեծ կախվածության մեջ ենք ներկրվող ապրանքներից, դա անդրադառնում է մեզ վրա: Սակայն նվազագույնը, ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունը, բոլորիս համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների հանդեպ մենաշնորհային իրավունքների վերացումն է: Եթե լինի մրցակցություն այնպիսի առաջնահերթ ապրանքների դաշտում, ինչպիսիք են սննդամթերքը եւ վառելիքը, ապա գնաճը պայմանավորված կլինի մրցակցությամբ, իսկ գների արտառոց աճը կսանձվի: Կարդալ ավելին. Tweet Դիտում՝ 5096