Երեւան/Մեդիամաքս/. “Արարատբանկը” այսօր հայտարարել է Autocard քարտերի ներդրման մասին, որոնք կատարում են ավտովառելիքի ձեռքբերման կտրոնի (Petrol Plus համակարգի միջոցով) եւ Visa բանկային վճարային քարտի գործառույթներ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում նոր ծառայության շնորհանդեսի ընթացքում “Արարատբանկի” վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է, որ, հանդիսանալով բանկային պլաստիկ քարտի եւ Petrol Plus համակարգի քարտի համադրում` Autocard-ը նորարարություն է հայաստանյան շուկայում եւ թույլ է տալիս ավտովառելիքի ձեռքբերման ներկայիս կտրոնները փոխարինել ժամանակակից պլաստիկ քարտերով: Autocard-ը Petrol Plus համակարգում գործում է կանխավճարային քարտի սկզբունքով: Autocard քարտեր կարելի է ձեռք բերել “Արարատբանկի” բոլոր մասնաճյուղերում եւ դրանք լիցքավորել այն լցակայաններում, որտեղ կան Petrol Plus համակարգի POS-տերմինալներ: Ներկայումս հաճախորդները կարող են այդ ծառայությունից օգտվել “Ֆլեշ” ընկերության բենզալցակայաններում, որը Հայաստանում վառելիքի առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերությունն է եւ “Արարատբանկի” հիմնական բաժնետերը: Աշոտ Օսիպյանի խոսքերով, համակարգի փորձարկումից հետո, որը կտեւի շուրջ մեկ ամիս, ծառայությունը կտարածվի նաեւ այլ բենզալցակայանների վրա Հայաստանում ու ԼՂՀ-ում, իսկ հետագայում` նաեւ Վրաստանում: Բանկի վարչության նախագահն ասել է, որ Autocard-ի օգնությամբ ձեռք բերելով մեծ քանակությամբ վառելիք` հաճախորդներն իրենց ապահովագրում են վառելիքի գնի տատանումներից, որը “2000 թվականից հիմնականում փոխվում է աճի ուղղությամբ”: Աշոտ Օսիպյանը նշել է նաեւ, որ բանկի կողմից պարբերաբար տրամադրվող հաշվետվությունները հաճախորդներին թույլ կտան արագ վերլուծել, վերահսկել եւ օպտիմալացնել վառելիքի գնման հաշվարկային սեփական համակարգը ավտոպարկերի համար: “Արարատբանկի” գնահատմամբ, մինչեւ տարեվերջ բանկը կթողարկի 10 հազ. Autocard քարտ, իսկ ծառայության կորպորատիվ հաճախորդների մասնաբաժինը կկազմի շուրջ 70%: Petrol Plus-ի տեխնոլոգիան կիրառվում է ավելի քան 800 կազմակերպությունների կողմից աշխարհի 13 երկրներում: Tweet Դիտում՝ 7727