Երեւան: Մեդիամաքս: 2011թ. ՀՀ տնտեսության աճը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից կանխատեսվում է 4,5%-ի սահմաններում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում ներկայացնելով ՀՀ տնտեսության վիճակի վերաբերյալ ՎԶԵԲ-ի զեկույցը` բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆն (Erik Berglof) ասել է, որ ՀՆԱ աճը պայմանավորված կլինի արտասահմանից եկող դրամական տրանսֆերտների ակտիվացմամբ եւ Հայաստանից արտահանվող մետաղական հումքի գների աճով: Պատասխանելով բարձր գնաճի զսպման գործիքների մասին հարցին` ՎԶԵԲ-ի ներկայացուցիչն ասել է, որ բացի դրամավարկային քաղաքականության խստացմանն ուղղված քայլերից, ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է շտապել ինստիտուցիոնալ բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ բարենպաստ ու մրցունակ գործարար միջավայրի ձեւավորման հարցում: Էրիկ Բերգլոֆն ասել է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանը պետք է որդեգրի Վրաստանի փորձը, «որն այդ գործում հասել է տպավորիչ արդյունքների»: Tweet Դիտում՝ 6298