Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի պետական համալսարանում/ԵՊՀ/ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստագրեր է հանձնել կրթաթոշակի արժանացած բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի /ՀԵՀ/ նախաձեռնությամբ եւ միջոցներով: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ասել է, որ նման ծավալի ծրագիր ՀՀ կրթական ոլորտում առաջին անգամ է իրականացվում: Կրթաթոշակները սահմանված են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող անապահով ընտանիքների ուսանողների համար, որոնք սովորում են առաջին կուրսում: Շուրջ 800 գրանցված հայտերից կրթաթոշակի են արժանացել 572 ուսանող: Բացարձակ գերազանց առաջադիմությամբ 20 ուսանողների կրթաթոշակը կազմել է 120 հազ դրամ, իսկ մնացած ուսանողներինը` 100 հազ դրամ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսանողներին ուղղված խոսքում ասել է. “Մենք ձեզ հետ միասին առաջին հերթին պետք է կարեւորենք գիտելիքը եւ գիտելիքահեն տնտեսությունը, գիտելիքահեն հասարակությունը: Իմ համոզմունքն է, որ ժամանակակից հասարակությունը գիտելիքների մրցակցության աշխարհ է, սրան այլընտրանք չկա: Եթե մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակություն, ապա այն պետք է հիմնված լինի գիտելիքի վրա: Այս առումով պարտավոր ենք կարեւորել, արժեւորել գիտելիք ունեցող մարդկանց, ովքեր իրենց նվիրում են սովորելուն: Ես ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ հենց այդպիսի մարդիկ առաջնորդեն երկիրը, ղեկավարեն բարեփոխումները եւ լինեն այն տիպարը, որին պետք է ձգտենք”: ՀՀ վարչապետը նաեւ մտահոգություն է հայտնել այն առիթով, որ տղաները իրենց առաջադիմությամբ հիմնականում զիջում են աղջիկներին եւ հավելել, որ դա դառնալու է լուրջ քննարկման առարկա: Tweet Դիտում՝ 5434