ՄՖԿ-ն համագործակցելու է բանկերի հետ էներգաարդյունավետության ոլորտում

28.02.2011 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 10-12-ին Երեւանում կկայանա էներգաարդյունավետությանը նվիրված ցուցահանդես: Այն կընթանա Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/` Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանն այսօր հայտնել է, որ ցուցահանդեսին ներկայացված կլինեն ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, ներառյալ ջերմամեկուսիչները, ջեռուցման մարտկոցները, օդափոխիչները, լուսավորման էներգախնայող համակարգերը, էներգառեսուրսների օգտագործման ավտոմատացված համակարգերը եւ այլն:

Տիգրան Փարվանյանը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնավոր հատվածի ներդրումները էներգաարդյունավետության համակարգերում, քանի որ ներկայումս Հայաստանը ներկրում է իր էներգառեսուրսների 2/3-ը, ինչպես նաեւ զգում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների անբավարարություն:

«Հայաստանյան ընկերությունները չեն պատկերացնում գործառնական ծախսերի կրճատման ներուժը էներգաարդյունավետության մեջ ներդրումների շնորհիվ, այդ պատճառով ՄՖԿ ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել կայուն շուկա էներգախնայողության ոլորտում ներդրումների համար»,- ասել է Տիգրան Փարվանյանը` հավելելով, որ այդ նպատակով ՄՖԿ-ն համագործակցելու է բանկերի հետ` էներգաարդյունավետության ֆինանսավորման գործիքներ ներդնելու նպատակով, իրական հատվածի ձեռնարկություններին տրամադրելու է անհրաժեշտ խորհրդատվական օժանդակություն, իսկ հեռանկարային ներդրումային ծրագրերի հայտնաբերման դեպքում դիտարկելու է նաեւ ընկերությունների ուղղակի ֆինանսավորման հնարավորությունը:

ՄՖԿ-ի էներգաարդյունավետության ծրագիրը կշարունակվի մինչեւ 2013թ.: Դրա իրականացման արդյունքներով ակնկալվում է Հայաստանում 2015թ. հասնել 20 ԳՎտ/ժամ ամենամյա էներգախնայողության, ինչպես նաեւ ջերմագազերի արտանետման 70 հազ. տոննա կրճատման:

Դիտում՝ 6332
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW