Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը եվրոպական ռեկորդ է սահմանել ԱՊՊԱ ներդրման տեմպով, այսօր Երեւանում հայտարարել է «Ռոսգոսստրախ»-ի փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ եթե Ռուսաստանում ապահովագրական ծածկույթը ԱՊՊԱ մասին օրենքի գործողության առաջին տարվա արդյունքներով (ՌԴ օրենքն ուժի մեջ է մտել 2002թ.) կազմել է 92%, ապա Հայաստանում 80% ցուցանիշ է արձանագրվել օրենքի գործողության առաջին ամսվա արդյունքներով: Ռաֆայել Մինասբեկյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ԱՊՊԱ-ի ապահովագրական փաստացի ծածկույթը կազմում է շուրջ 90%` հաշվի առնելով, որ շահագործվող ավտոմեքենաների թիվն ավելի քիչ է, քան գրանցվածներինը: «Դա վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիներն ավելի օրինապահ են, քան ընդունված է համարել»,- ասել է Ռաֆայել Մինասբեկյանը: «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն կնքել է ավելի քան 120 հազար ԱՊՊԱ պայմանագիր, իսկ նախնական գնահատականներով շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է շուրջ 36%, ասել է Ռաֆայել Մինասբեկյանը: Նա նշել է, որ, այդպիսով, ընկերությունը Հայաստանում հանդիսանում է ապահովագրության այդ տեսակի բացարձակ առաջատարը: «Մենք գոհ ենք ձեռք բերած մասնաբաժնից, եւ այժմ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի համար ռազմավարական առաջնահերթություն է վնասների կարգավորման համակարգի կատարելագործումը եւ հաճախորդների լավագույն սպասարկումը»,- ասել է Ռաֆայել Մինասբեկյանը: Ընկերությունն արդեն վճարել է 55 մլն դրամի 350 ԱՊՊԱ հատուցում, իսկ ավելի քան 1000 հայտեր գտնվում են քննարկման փուլում: «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի տնօրենի խոսքերով, վճարումների ընդհանուր ծավալն ըստ ունեցած հայտերի կարող է գերազանցել 300 մլն դրամը: «Վնասի այդ ծավալն արդեն տագնապ է հարուցում»,- ասել է Գագիկ Գրիգորյանը` նշելով, որ դեռ վաղ է սակագների արդարացվածության վերաբերյալ եզրահանգումներ անել: Tweet Դիտում՝ 7656