Ուկրաինան պնդում է, որ Հայաստանը շարունակում է խախտել ԱՀԿ-ի նորմերը

24.01.2011 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ուկրաինան պնդում է, որ Հայաստանը շարունակում է խախտել Առեևտրի Համաշխարհային Կազմակերպության (ՀԱԿ) նորմերը` օղու ներկրման լիցենզիան տրամադրելով 2 անգամ բարձր գնով, քան տեղական արտադրությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթը այսօր մեջբերել է Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Ռոման Բուգայի խոսքերն այն մասին, որ «Ուկրաինայից ծխախոտի եւ ալկոհոլի ներկրման հարկման հարցում խտրական դրույքաչափերից հրաժարված Հայաստանի հետ փոխզիջման հասնելուց հետո օղու ուկրաինական արտադրողները կբախվեն նոր խնդրի»:

2010թ. գարնանը Ուկրաինան սկսել էր Հայաստանի հետ խորհրդակցությունները այդ երկիր ծխախոտ եւ ալկոհոլ ներկրելու ակցիզային հարկի տոկոսադրույքների շուրջ: Արդյունքում Հայաստանը պարտավորվել էր 2011թ. հունվարի 1-ից տոկոսադրույքներն ուկրաինական ապրանքների համար նվազեցնել տեղական ապրանքատեսակների ակցիզահարկի մակարդակին:

Սակայն, ինչպես նշել է Ռոման Բուգան, միաժամանակ, Հայաստանը վերանայել է լիցենզավորման սկզբունքները:

«Մենք սպասում ենք, որ մեր արտահանողները հաստատեն, որ այդ նորմը մտել է ուժի մեջ, որից հետո, հավանաբար, կսկսենք նոր վարույթ ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել է Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչը: 

«Ներկրողները պետք է նախօրոք վճարեն լիցենզիայի համար, ինչը զգալիորեն ազդում է ներկրվող ապրանքների ինքնարժեքի վրա, այն տեղափոխում է գնային այլ հատված եւ, հետեւաբար, սահմանափակում է գնողական պահանջարկը»,- «Կոմերսանտ-Ուկրաինա»-ին ասել են Nemiroff ընկերության մամուլի ծառայությունում:

Հոդվածում ասվում է նաեւ, որ Հայաստանի նկատմամբ Ուկրաինայի պահանջների ցուցակը շուտով կարող է ընդլայնվել: Մասնավորապես, ներկայացվում է այն փաստը, որ հայաստանյան «Ալեքս Գրիգ» ընկերությունն ապօրինի արտադրում է օղի հայտնի ուկրաինական եւ ռուսական ապրանքանիշերի ներքո եւ իրացնում դրանք օրիգինալ արտադրանքից 2-3 անգամ ցածր գնով:

Նախորդ տարի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ալեքս Գրիգ»-ին տուգանել էր 2,5 մլն դրամով ուկրաինական հայտնի ապրանքանիշերի («Խորտիցա», Medoff, «Պրայմ» եւ «Խլեբնի դար») կրկնօրինակ-բրենդերի ներքո օղի արտադրելու համար:

Դիտում՝ 5948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW