Երեւան/Մեդիամաքս/. «Պրոմեթեյ բանկ» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանն այսօր նամակ է ուղարկել “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանին, որտեղ նշել է, որ թերթի այսօրվա համարում տպագրված «Քյալյանը բժշկականը գրավ է դրել ամուսնու բանկում` «Պրոմեթեյում» հոդվածում «Պրոմեթեյ բանկին» վերագրվող տեղեկատվությունը «ամբողջությամբ մտացածին է, չի համապատասխանում իրականությանը եւ կարող է վնաս հասցնել Պրոմեթեյ բանկի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում վաստակած բարի համբավին եւ գործարար հեղինակությանը»:Իր նամակում Էմիլ Սողոմոնյանը մասնավորապես նշել է, որ «գործարար Սամվել Մայրապետյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը որեւիցե ուղղակի կամ անուղղակի մասնակցություն Պրոմեթեյ բանկում չունեն եւ նախկինում նույնպես երբեւիցե չեն ունեցել»: Նամակի պատճենն այսօր Մեդիամաքս-ին է տրամադրվել «Պրոմեթեյ բանկի» մամլո ծառայության կողմից:«Պրոմեթեյ բանկն ունի ընդամենը երկու մասնակից` «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ` 92.25% մասնակցությամբ եւ ՌԴ քաղաքացի Վազգեն Սիմոնի Գեւորգյան` 7.75% մասնակցությամբ», - նշել է Էմիլ Սողոմոնյանը: Նամակում ասված է նաեւ, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի շենքը, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող որեւէ այլ գույք «Պրոմեթեյ բանկում» գրավադրված չէ եւ նախկինում նույպես երբեւիցե գրավադրված չի եղել, եւ «Պրոմեթեյ բանկը» երբեւիցե Երեւանի Պետական Բժշկական Համալսարանին որեւիցե վարկ չի տրամադրել:«Հաշվի առնելով վերը նշվածը, պահանջում եմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հաջորդ իսկ համարում անհապաղ տպագրել համապատասխան հերքում, ինչպես նաեւ սույն գրությունն ամբողջությամբ: Խնդրում եմ առաջիկայում զերծ մնալ «Պրոմեթեյ բանկին» վերաբերող չճշտված, մտացածին եւ իրականությանը չհամապատասխանող նյութերի հրապարակումից», - ասված է Էմիլ Սողոմոնյանի նամակում: Tweet Դիտում՝ 1117