Էլ.-ստորագրություններ ստանալու հարկատուների բոլոր հայտերը կբավարարվեն 2 օրվա ընթացքում

21.01.2011 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հարկային հաշիվներ դուրս գրելու նոր համակարգից օգտվելու նպատակով էլեկտրոնային ստորագրություններ ստանալու ՀՀ հարկատուների բոլոր հայտերը կբավարարվեն 2 օրվա ընթացքում, Մեդիամաքս-ին հայտնել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (EKENG) տնօրենի օգնական Լիլիթ Ղազարյանը: 

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով էլեկտրոնային ստորագրության տրամադրումն ուշացնելու պատճառները, ինչի հետեւանքով հարկային հաշիվները դուրս են գրվում ձեռքով, Լիլիթ Ղազարյանն ասել է, որ խնդիրներն առաջացել են դեկտեմբերին եւ կրել են տեխնիկական բնույթ, սակայն հունվարի 10-ից գրասենյակը սկսել է ամեն օր տրամադրել 100-150-ական էլեկտրոնային ստորագրություն:

«Դեկտեմբերից մեզ մոտ կուտակվել է 710 հայտ, ներկայումս բավարարված չեն շուրջ 250-ը, որոնք կբավարարվեն 2 օրվա ընթացքում»,- ասել է Լիլիթ Ղազարյանը:

Նրա խոսքերով, ներկայումս ստացվող հայտերի բավարարումը դրանց ճիշտ լրացման դեպքում զբաղեցնում է 15 րոպե: Էլեկտրոնային ստորագրության արժեքն է 15 000 դրամ:

EKENG-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայումս էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է միայն հարկային մարմինների կողմից, սակայն հետագայում կտարածվի նաեւ այլ ոլորտների վրա:

Դիտում՝ 8153

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW