Երեւան /Մեդիամաքս/. 2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց հարկային հաշիվների դուրսգրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված e-invoice ծրագրով:Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով նշված նորամուծությունները` բիզնեսի ավտոմատացման համակարգեր մշակող «Հայկական ծրագրեր» ընկերության հաշվապահական համակարգերի բաժնի ղեկավար Սամվել Գրիգորյանն ասել է, որ չնայած ընկերությունն իր ծրագրում կատարել է բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, այս տարբերակով աշխատելիս դժվարանում է վաճառք կազմակերպելը, քանի որ երկարում են հաշիվ-ապրանքագրի ստեղծման հետ կապված քայլերը, ավելանում են պահանջները տեխնիկական լուծումների եւ մարդկային գործոնի նկատմամբ: «Մինչ այս օրենքի փոփոխությունը մեր ծրագրով աշխատող հաճախորդը հարկային հաշիվ դուրս գրելուց կատարում էր հետեւյալ քայլերը. ստեղծում էր հաշիվ-ապրանքագիր, տպում էր այն, ստորագրում եւ տալիս գնորդին: Այժմ հաշիվ-ապրանքագիրը ստեղծելուց հետո այն անհրաժեշտ է արտահանել որպես XML ֆորմատով ֆայլ, ներմուծել e-invoice ծրագրի մեջ, օնլայն ռեժիմում գեներացնել հարկային հաշվի սերիան եւ համարը, ինչից հետո անհրաժեշտության դեպքում արտահանել PDF ֆորմատով, տպել, ստորագրել եւ տալ գնորդին», - ասել է Սամվել Գրիգորյանը:Նա հավելել է, որ այնուհետեւ անհրաժեշտ է նաեւ գեներացված հարկային հաշվի սերիան եւ համարը նորից գրանցել «ArmSoft--Հաշվապահություն 4.0» համակարգում, որպեսզի հետագայում «Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ» հաշվետվությունը լրացվի ճիշտ եւ ապահովվի հետադարձ կապը: 1C ծրագրային հենքի վրա բիզնեսի ավտոմատացման համակարգեր ստեղծող «ԱկԹրեյդ-Սոֆթ» ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ իրենց ծրագիրը նույնպես թույլ է տալիս դուրս գրել անսահմանափակ թվով հարկային հաշիվներ մեկ XML ֆայլով, ներմուծել e-invoice-ի մեջ, ինչից հետո սերիա եւ համար ստացած հաշիվները նույնատիպ կերպով հետ ներմուծել «ԱկԹրեյդ-Հաշվապահություն» ծրագրի մեջ:«Այնուամենայնիվ, ծրագրով աշխատելու համար անհրաժեշտ է Պետեկամուտների կոմիտեից ստանալ համապատասխան էլեկտրոնային ստորագրության իրավունք, որի տրամադրման գործընթացի ձգձգումների պատճառով հարկ վճարողները ստիպված են լինում կոմիտեից ժամանակավորապես ձեռքբերել արդեն նշված սերիա-համարներով պատրաստի բլանկեր եւ գործարքների ժամանակ լրացնել դրանք ձեռքով: Արդյունքում էապես երկարում է հարկային հաշիվների դուրսգրման գործընթացը: Մենք, մասնավորապես, այս իրավունքը ստանալու համար դիմել էինք Պետեկամուտների կոմիտեին դեռեւս դեկտեմբերին, բայց մինչ այժմ պատասխան չենք ստացել», - ասել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ավելի նպատակահարմար կլիներ, որ կոմիտեն ներկայիս փուլում հարկ վճարողներին տրամադրեր միայն սերիա-համարներ, այլ ոչ թե պարտադրեր գրավոր լրացման համար պատրաստի բլանկերի ձեռքբերումը: Tweet Դիտում՝ 8815