Երեւան/Մեդիամաքս/. “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնն այսօր Երեւանում ներկայացրել է Հայաստանի ազգային մրցունակության մասին երրորդ ամենամյա զեկույցը, որում որպես հետազոտության կենտրոնական թեմա էր ընտրվել բարձրագույն կրթության համակարգը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ներկայացնելով զեկույցը, “Տնտեսություն եւ արժեքներ” կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանն ասել է, որ, չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը խոստումնալից հեռանկարներ ունի, հաշվի առնելով այն նախադրյալները, որոնց թվում են, մասնավորապես, “հայ ժողովրդի համար կրթության պատմականորեն կարեւոր նշանակությունը, հարուստ գիտական ժառանգությունը, աշխարհում համեմատաբար լավ դիրքերն օտարերկրյա ուսանողների ներգրավման մակարդակով, ոլորտների ձեւավորումը տնտեսությունում, որոնք արդեն այսօր մրցունակ են համաշխարհային մակարդակով (ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաները), կառավարության կողմից գիտատար ոլորտների զարգացմանը նպաստող նախաձեռնությունները եւ խոշոր “ակադեմիական” Սփյուռքը”: Խոսելով ուժեղ կրթական համակարգի կառուցման առջեւ կանգնած մարտահրավերների մասին, Մանուկ Հերգնյանը, մասնավորապես, նշել է բարձրագույն կրթության համակարգը տնտեսական բարեփոխումների շարժիչ ուժի վերածելու անհրաժեշտությունը, բուհերի ընդգրկումը տնտեսության մրցունակ քլաստերների ձեւավորման եւ կրթության միջազգայնացման գործընթացում եւ անցումը գիտահետազոտական աշխատանքներին կրթության ընթացքում: Որպես երկու ռազմավարություններ “Տնտեսություն եւ արժեքներ” կենտրոնի կողմից առաջարկվել են “լայնամասշտաբ հարձակման” ռազմավարությունը, որը ենթադրում է ամբողջ համակարգի բարեփոխումը, եւ “կետային հարվածի” ռազմավարությունը, որը ենթադրում է համաշխարհային մակարդակի առաջատար եւ մրցունակ բուհի ստեղծումը, որն իր հետ առաջ կտանի մնացած բուհերին, կամ “գերազանցության կենտրոնների” ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը զբաղվում է գիտության մի ուղղությամբ: Tweet Դիտում՝ 6486