Հայաստանին անհրաժեշտ են ինստիտուցիոնալ ներդրողներ

16.12.2010 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Չնայած հեղինակավոր բորսայական օպերատորի ներկայությանը եւ բարենպաստ օրենսդրական դաշտին, Հայաստանի կապիտալի շուկան, այնուամենայնիվ, մնում է խիստ պասիվ: Փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից` բորսան ինքն է ստանձնել նախաձեռնողի դեր եւ սկսել է հանդես գալ շուկան աշխուժացնելու առաջարկներով: Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ քայլերի մասին Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հետ հարցազրույցում պատմել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը: 

- Վերջերս Երեւանում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» ֆորումում դուք նշեցիք, որ մեր երկրի կապիտալի շուկայի ակտիվացման խնդիրը պետք է լուծվի դրան ինստիտուցիոնալ ներդրողների մասնակցության ապահովման միջոցով, մասնավորապես, թույլատրելով նրանց ներդնել ֆոնդային բորսայի «A» հարթակում ցուցակված ընկերությունների բաժնետոմսերում: Ի՞նչ ընթացք է ստանում այս առաջարկը:

- Մենք ներկայացրել ենք այս առաջարկը կարգավորող մարմնին եւ ենթադրում եմ, հարցը քննարկման փուլում է: Խնդիրը հետեւյալն է. մենք չենք կարող զարգացնել կապիտալի շուկան առանց բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման: Զարգացած կապիտալի շուկաներում շրջանառության եւ ներդրումների առնվազն 40%-ն ապահովում են ինստիտուցիոնալ ներդրողները` ներդրումային ընկերությունները եւ ֆոնդերը, կենսաթոշակային հիմնադրամները եւ ապահովագրական ընկերությունները: Զարգացող շուկաներում այս կառույցների մասնաբաժինը կարող է հասնել 90%-ի:

Այսօր Հայաստանում գործող ինստիտուցիոնալ ներդրողներն են բանկերը և ապահովագրական ընկերությունները: Ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության արդյունքում Հայաստանի ապահովագրական շուկան շեշտակիորեն կաճի: Չնայած խոսվում է շուրջ 12 մլրդ դրամ ($33 մլն) լրացուցիչ շրջանառության մասին, այնուամենայնիվ մեր ապահովագրական շուկայի ներուժը շատ ավելի մեծ է եւ կազմում է շուրջ $200-250 մլն: Այս միջոցները պետք է շրջանառվեն հնարավորինս արդյունավետ, եւ եթե մենք Հայաստանում չունենանք արդյունավետ ներդրումային մեխանիզմներ, այդ փողերը գնալու են դուրս:

Այստեղ կցանկանայի բերել Լեհաստանի օրինակը: Այդ երկիրը սահմանափակել է իր ինստիտուցիոնալ ներդրողների` հատկապես կենսաթոշակային հիմնադրամների արտասահմանյան ներդրումները 5%-ով: Այսինքն Լեհաստանից դուրս կարող է ներդրվել միջոցների մինչեւ 5%-ը, իսկ մնացածը` տեղական գործիքներում` պետական եւ հիփոթեքային արժեթղթերում, բորսայում ցուցակված ընկերությունների բաժնետոմսերում եւ այլն: Արդյունքում Լեհաստանի կապիտալի շուկան կտրուկ զարգացում ապրեց, եւ այդ երկրի ներդրումային գրավչությունը կտրուկ բարձրացավ. թողարկողները ցանկանում են կառուցել իրենց բիզնեսը Լեհաստանում, իմանալով, որ այնտեղ նրանք կարող են հեշտությամբ տեղաբաշխել իրենց արժեթղթերը:

- 2011թ. սկզբից Հայաստանում նախատեսվում է կենսաթոշակային ֆոնդերի գործարկումը` կապված կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչի ներդման հետ: Մինչդեռ համապատասխան օրենսդրությունը դեռեւս քննարկման փուլում է: Ի՞նչ կարելի է ակնկալել ֆոնդերի գործարկումից հայաստանյան կապիտալի շուկայի ակտիվացման համատեքստում:  

- Կարծում եմ` կենսաթոշակային ֆոնդերի շուկան լիարժեք կգործի միայն կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը գործարկելուց հետո, որը նախատեսվում է 2014-ին: Այնուամենայնիվ, կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի հայտնվելուն պես մենք կբարձրացնենք տեղական կապիտալի շուկայում նրանց պարտադիր մասնակցության հարցերը:

Այս տեսակետի որոշ ընդդիմախոսների շրջանում առկա են մտահոգություններ, որ Հայաստանում չեն լինի բավարար ներդրումային գործիքներ եւ, հետեւաբար, պետք չէ քվոտաներ սահմանել տեղական շուկայում: Սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ ինստիտուցիոնալ ներդրողներին ներքին շուկայում ներդրումներ պարտադրելու արդյունքում անհրաժեշտ ներդրումային գործիքները անպայման կստեղծվեն: Սա երկկողմանի գործընթաց է. չկա գործիք, որովհետեւ չկա ներդրում եւ չկա ներդրում, որովհետեւ չկա գործիք:

Եթե բրոքերային ընկերությունը գիտի, որ ինստիտուցիոնալ ներդրողներն ունեն, օրինակ, 50 մլրդ դրամ, որը նախատեսված է Հայաստանում ներդրվելու համար, ապա նա անմիջապես կդիմի իր հաճախորդ հանդիսացող թողարկողներին բաժնետոմսերի առաջնային հանրային առաջարկ (IPO) անելու առաջարկով: Իսկ թողարկողին շատ հեշտ է համոզել գնալ այդ քայլին, եթե նա վստահ է, որ այդ միջոցներն իրոք կարելի է ներգրավել:

Եթե շուկայում չկան խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ, բրոքերները չեն կարող երաշխավորել թողարկման լիարժեք տեղաբաշխումը: IPO-ի պատրաստվող բոլոր ընկերություններն առաջին հերթին շոշափում են տվյալ երկրի ինստիտուցիոնալ ներդրողների շուկան: Որոշ փորձագետների կարծիքով տեղաբաշխման ծավալում անհատ կամ մանրածախ ներդրողների համար նախատեսվող մասնաբաժինը չպետք է գերազանցի 30%-ը, այլապես IPO-ն կարող է վտանգվել: Այսպիսով, եթե առկա է խոշոր ներդրողների հանձնառությունը, որ իրենք ձեռք կբերեն տեղաբաշխվող բաժնետոմսերի 50-70%-ը, այդ դեպքում թողարկողը հանգիստ գնում է տեղաբաշխման, վստահ լինելով հանդերձ, որ գրագետ մարքեթինգային քաղաքականության դեպքում մնացածը եւս կտեղաբաշխվի:

- Մի քանի ամիս առաջ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի տնօրենը հայտարարել էր ընկերության նոր ռազմավարության մասին, որի շրջանակներում բորսան կսկսի հավանական թողարկողների հետ աշխատել ուղղակիորեն` ցուցաբերելով նրանց անհրաժեշտ խորհրդատվական օժանդակություն: Սկսե՞լ է արդյոք աշխատանքը պոտենցիալ թողարկողների հետ:

- Այս ուղղությամբ աշխատանքները կսկսվեն մոտ ապագայում, 2011 թվականից: Դրանով մենք կփորձենք լրացնել այն բացը, որը գոյացել է ներդրումային ընկերությունների պասիվության պատճառով:

Մենք սկսելու ենք հանդիպել այն հավանական թողարկողների հետ, որոնք ունեն բավարար պատրաստվածություն լինելու հանրային ընկերություններ եւ ունենալու ներդրողների լայն բանակ: IPO-ի պատրաստվելը բավականին երկար, բայց միեւնույն ժամանակ շատ օգտակար գործընթաց է, քանի որ արդյունքում ընկերության աշխատանքը սկսում է համապատասխանեցվել միջազգային ունիվերսալ չափանիշներին:

- «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն նախատեսում էր նաեւ մոտ ապագայում անցնել փոխհաշվարկների T+0 համակարգից T+3 համակարգին, ինչը, ենթադրաբար, կբարձրացներ շուկայի իրացվելիությունը: Ե՞րբ է նախատեսվում այս քայլը:

- Մենք նախատեսում ենք ոչ թե անցնել T+0-ից T+3-ի, այլ T+0 համակարգին զուգահեռ ներդնել նաեւ առանց նախնական դեպոնացման համակարգը: Արդեն ավարտել ենք այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները: Այնուամենայնիվ, անցնումը T+3-ին չպետք է լինի ինքնանպատակ: Մենք կանցնենք այդ համակարգին միայն շուկայի մասնակիցների մոտ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում, որն այսօր դեռեւս չկա:

T+3 համակարգի գործարկումը ենթադրում է ռիսկերի ապահովագրման որոշակի մեխանիզմներ, ինչը թանկացնում է համակարգը: Միաժամանակ մենք շարունակաբար կատարելագործում ենք գործող մեխանիզմը և մեր նախնական դեպոնացման համակարգն այսօրվա դրությամբ շատ ավելի ճկուն է, քան նախկինում:

- Նույն պատճառաբանությամբ բորսան բացատրում էր նաեւ ածանցյալ գործիքների ներդրման հետաձգումը: Արդյո՞ք դեռեւս չկա համապատասխան պահանջարկ:

- Մենք հետևողականորեն մոտենում ենք ածանցյալ գործիքների ներդրմանը: Միջբանկային վարկային գործիքների բորսայական հարթակը ես համարում եմ ածանցյալ գործիքներին անցնելուն նախորդող քայլ, քանի որ այստեղ ձեւավորում է փողի գինը. ճիշտ է` դեռեւս մեկօրյա կտրվածքով, բայց մենք նախատեսում ենք կատարելագործել այս ռեսուրսը եւ ներդնել վարկային ռեսուրսներ 1 օրվանից ավելի մարման ժամկետով: Ածանցյալ գործիքների ներդրման համար մեզ պետք է լուծել լուրջ տեխնոլոգիական խնդիրներ: Տարբեր ժամկետայնության վարկային ռեսուրսների հարթակի ներդրումից հետո հաջորդ ռազմավարական քայլն արդեն կարող է լինել ֆյուչերսների առեւտրի գործարկումը:

- Ի՞նչ մոտեցում է որդեգրում Հայաստանի նկատմամբ NASDAQ OMX խումբը: Արդյո՞ք ընկերությունում ըմբռնումով են մոտենում Հայաստանի տնտեսական հիմնախնդիրներին, որոնց պատճառով չի ստացվում ապահովել կապիտալի շուկայի դինամիկ զարգացումը:

- NASDAQ OMX-ը տրամադրված է մասնակցել Հայաստանյան կապիտալի շուկայի զարգացմանը, եւ, օգտվելով այս հնարավորությունից, շահագրգիռ բոլոր կողմերը պետք է կարողանան մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: 2009-ին NASDAQ OMX-ը Հայաստանում աշխատել է վնասով, շահույթ չի ակնկավում նաեւ ընթացիկ տարվա արդյունքներով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» տեսլականն է` ձևավորել տարածաշրջանի առաջատար կապիտալի շուկան: Ժամանակի ընթացքում մեր ինտեգրումը տարածաշրջանի այլ կապիտալի շուկաների հետ անխուսափելի է, եւ մենք պետք է բավականաչափ պատրաստված լինենք, որպեսզի ինտեգրումից հետո ունենանք մեր արժանի կշիռը:

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ կապիտալի շուկայի զարգացման համար երկրի չափը եւ աշխարհագրական դիրքը ունեն երկրորդական նշանակություն: Որպես օրինակ կարող եմ բերել Սինգապուրը, որի բորսան ձեռք է բերում Ավստրայիայի պես մեծ երկրի գլխավոր բորսայական օպերատորին: 

Դիտում՝ 11012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW