Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանն ասել է, որ “փոխադարձ հաշվարկների T+3 համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ մենք սպասում ենք շուկայի ազդանշանին”: Կարեն Զաքարյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է, որ անցումը T+3-ին ինքնանպատակ չէ եւ դրա ներդրման համար պահանջվում է համապատասխան պահանջարկ, որը դեռեւս բացակայում է:“Մենք նախատեսում ենք առանց նախնական դեպոնացման համակարգը ներդնել գործող T+0 համակարգին զուգահեռ: Նոր համակարգի գործարկումը ենթադրում է ռիսկերի ապահովագրման որոշակի մեխանիզմներ, ինչն ավելի թանկ է դարձնում այն: Միաժամանակ մենք կատարելագործում ենք գործող մեխանիզմը, եւ նախնական դեպոնացման մեր համակարգն այսօր շատ ավելի ճկուն է, քան նախկինում”, - ասել է Կարեն Զաքարյանը:T+3 համակարգի առավելությունը կայանում է նրանում, որ փոխադարձ հաշվարկները կատարվում են գործարքի կնքումից հետո 3 օրվա ընթացքում: Ներկայումս փոխադարձ հաշվարկները կատարվում են անմիջապես գործարքից հետո, ինչը զսպում է շուկայի լիկվիդայնությունը, քանի որ գործարք կնքելու ցանկություն ունեցող անձի մոտ տվյալ պահին կարող են չլինել գործարքի համար անհրաժեշտ գումարը կամ արժեթղթերը: Tweet Դիտում՝ 13399