Երեւան/Մեդիամաքս/. Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) կոչ է արել հետաձգել ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության օրենքի կիրարկումը: “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքով (Գլուխ 60), եւ այս պահին դրա առանձին օրենքով կարգավորումը սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենեւին հրատապ չէ։ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցառումը, ինչպես ապօրինի այս իշխանության երկնած ցանկացած գաղափար, բխում է ոչ թե հասարակության շահերից, այլ նպատակ ունի հանցագործների կաստայի վերածվող վարչախմբի վերնախավի եւ օլիգարխների համար ստեղծել թալանի ու կոռուպցիայի նոր մեխանիզմ”, - ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: “Գործողության մեջ դրված օրենքով ապահովագրության համար սահմանված պարտադիր սակագները եւ տուգանքները չափազանց բարձր են ու կամայական, մինչդեռ չափազանց ցածր են վնասների հատուցման համար նախատեսված գումարների չափերը։ Դա ձմռան ու նոր տարվա շեմին հատկապես ծանր է անդրադառնալու բնակչության մեծագույն՝ անպաշտպան մասի կենսապայմանների վրա։ Ինչպես եւ սպասելի էր՝ սակագների գնագոյացման հարցում ոչ շուկայական մեթոդի կիրառումը էապես նվազեցնելու է մրցակցությունն այս ոլորտում”, - պնդում է ՀԱԿ-ը: Tweet Դիտում՝ 13167