Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» եւ «Կասկադ Ինշուրանսը» հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին «Կասկադ Ինշուրանսի» ֆիզիկական անձանց ապահովագրության բոլոր տեսակների ապահովագրական վկայագրերի վաճառքի ասպարեզում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը նշել է, որ դեկտեմբերի 6-ից սկսած բանկի բոլոր մասնաճյուղերում կսկսվի «Կասկադ Ինշուրանսի» ապահովագրական վկայագրերի վաճառքը հետեւյալ տեսակներով` բնակելի անշարժ գույքի ապահովագրություն, ավտոապահովագրություն (ԿԱՍԿՕ եւ ԱՊՊԱ), ապահովագրություն դժբախտ պատահարներից, բժշկական ապահովագրություն, ճանապարհորդությունների եւ աջակցության ապահովագրություն: Աստրիդ Քլիֆֆորդի խոսքերով, համագործակցության շրջանակներում հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել բանկային եւ ապահովագրական ծառայություններից մեկ տեղում եւ մրցունակ սակագներով: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» անհատական ֆինանսական ծառայությունների եւ մասնաճյուղերի գծով կառավարիչ Արման Բարսեղյանը նշել է, որ բանկը աշխատանք է ծավալել մասնաճյուղերը գործառնական կենտրոններից վաճառքի եւ սպասարկման կենտրոնների փոխակերպելու ուղղությամբ: «Կասկադ Ինշուրանսի» գլխավոր գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանի խոսքերով, բանկային եւ ապահովագրական հատվածների սերտ համագործակցությունը թույլ կտա բարձրացնել ֆինանսական ծառայությունները որակապես նոր մակարդակի: Անդրադառնալով ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի գործընթացին` Գառնիկ Տոնոյանը նշել է, որ ի տարբերություն նախնական փուլի, այժմ ընկերությունը նկատում է «հետաքրքիր դինամիկա»: Ներկայումս խոսքը մի քանի հազար վաճառված ԱՊՊԱ վկայագրերի մասին է, որոնք հավասարաչափ բաշխված են մայրաքաղաքում եւ մարզերում: HSBC խմբի` եվրոպական երկրներում ապահովագրության գծով տարածաշրջանային տնօրեն Ժան Պյեր Վիդներն ընդգծել է, որ HSBC-ն բարձր է գնահատում ՀՀ գործարար ներուժը եւ կշարունակի ներդրումներն այս շուկայում: Tweet Դիտում՝ 13926