Երեւան/Մեդիամաքս/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը այսօր շրջանառության մեջ է դրել «Պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացումների նախագիծը, որը նախատեսում է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ հետաձգում: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ավտոապահովագրությունը հարվածում է բնակչության գրպանին եւ անհատների եկամուտների լրացուցիչ աղբյուր է: Ընդդիմադիր կուսակցականն ասել է, որ ավտոմեքենան տրանսպորտային միջոց է, այլ ոչ թե հարստության աղբյուր, եւ «իշխանությունները պետք է գիտակցեն, որ եկամուտը պետք է գա իրական տնտեսությունից, այլ ոչ թե հասարակ քաղաքացիներից»: Նրա խոսքերով, ԱՊՊԱ-ն կարեւոր սոցիալական խնդիր է, որը դժգոհություն է առաջացրել երկրի քաղաքացիների շրջանում, եւ «Ժառանգություն» խմբակցությունը կփորձի անցկացնել համապատասխան ուղղումներ: «Ղեկավարությունը ժողովրդին հրահրում եւ խթանում է հեղափոխական քայլերի եւ չի պաշտպանում իր քաղաքացիների շահերը»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը: Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ առաջին երկու ընթերցումներում խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի ընդունմանը, սակայն երրորդ ընթերցման ընթացքում ձեռնպահ է մնացել` «հույս ունենալով, որ ԱՊՊԱ-ն կանցկացվի բնակչության շահերը հաշվի առնելով, այլ ոչ թե սեփական շահի համար»: Tweet Դիտում՝ 12520