«Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» ֆորումն ընթանում է Երեւանում

30.11.2010 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում ընթանում է «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» առաջին ֆորումը:  

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցառման բացմանը Զարգացման հայկական գործակալության /ԶՀԳ/ տնօրեն Ռոբերտ Հարությունյանն ասել է, որ ֆորումը լավ հարթակ է հավանական ներդրողներին Հայաստանում արդեն ներդրումներ կատարած ընկերությունների հաջող փորձը ներկայացնելու համար: Ռոբերտ Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ միջոցառման եզրափակիչ մասում գործարարներին հնարավորություն կընձեռվի հանդես գալ առաջարկություններով Հայաստանում գործարար մթնոլորտը բարելավելու վերաբերյալ, որոնք կդառնան երկրի կառավարության քննարկման առարկան:

Ֆորումին մասնակցում են ՀՀ տնտեսության ինչպես գործող, այնպես էլ հավանական օտարերկրյա ներդրողները, տեղական ձեռնարկատերերը, էկոնոմիկայի նախարարը եւ այլ պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են տնտեսական քաղաքականության համար:

Ֆորումը կազմակերպվել է ԶՀԳ կողմից` Ecorys հոլանդական հետազոտական եւ քոնսալթինգային ընկերության եւ Management Mix կիպրոսյան քոնսալթինգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Ֆորումն անցկացվում է Համաշխարհային բանկի` արտասահմանյան ներդրումների խթանման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդեռլանդների կառավարության կողմից: Ֆորումի հովանավորներն են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Երեւանի կոնյակի գործարանը» եւ «Ռենկո» շինարարական ընկերությունը:

ՀՀ տնտեսության մեջ 2009թ. դոլարով օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 33%-ով` կազմելով $732,1 մլն: 2010թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $220,3 մլն` նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվելով 10.6%-ով: ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողը մնում է Ռուսաստանը, որն առաջին կիսամյակում ներդրել է $116,89 մլն (որից ուղղակի ներդրումներն են $85,8 մլն-ը): Երկրորդ տեղում է Ֆրանսիան (ամբողջը` ուղղակի ներդրումներ), երրորդում` Նիդեռլանդները, որը առաջին կիսամյակում ներդրել է $63,08 մլն, որից ուղղակի են $2,3 մլն-ը: 2010թ. հունվար-հունիսին հայաստանյան տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների 25,39%-ը ուղղվել է էներգետիկ, 47,05%-ը` հեռահաղորդակցությունների, 7,78%-ը` օդային տրանսպորտի ոլորտ:

Դիտում՝ 13600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW