Երեւան/Մեդիամաքս/. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» դարձել է Հայաստանում American Express Gold քարտերի բացառիկ թողարկողը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում American Express-ի փոխնախագահ Ալեքս Ֆարբերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայաստանյան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն ասել է, որ քարտերի թողարկումը սկսվելու է 2009թ. օգոստոսի 27-ին ստորագրված պայմանագրի համաձայն: Պայմանագրով բանկը ձեռք է բերել Հայաստանի տարածքում AmEx քարտերի սպասարկման բացառիկ իրավունք: Ստեփան Գիշյանը հիշեցրել է, որ բանկը սկսել է սպասարկել AmEx քարտերը այս տարվա հունվարից եւ ներկայումս կիրառվում է ՀՀ առեւտրի եւ սպասարկման կետերի մեծամասնությունում, որտեղ ներդրված է անկանխիկ վճարման մեխանիզմը: Ստեփան Գիշյանի խոսքերով, AmEx Gold քարտը ոչ միայն պլաստիկ քարտ է, այլեւ ներառում է բազմաթիվ ծառայություններ, մասնավորապես, ճանապարհորդությունների ապահովագրություն եւ այլ հատուկ առաջարկներ: Քարտի տարեկան սպասարկումը կազմում է 90 հազ. դրամ: Քարտը ներառում է վարկային գիծ տարեկան 18% տոկոսադրույքով, որի օգտագործման անտոկոս ժամկետը կազմում է մինչեւ 50 օր (մինչեւ հաջորդ ամսվա 20-ը), ինչը, Ստեփան Գիշյանի խոսքերով, «աննախադեպ առաջարկ է Հայաստանում»: Ալեքս Ֆարբերն ասել է, որ ի դեմս «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի»` American Express-ը տեսնում է հուսալի գործընկեր, որը մատուցում է որակյալ ծառայություններ, եւ մտադիր է շարունակել աշխատանքը հայաստանյան բանկի հետ բացառիկ պայմաններով: Ստեփան Գիշյանը նշել է, որ ներկայումս աշխատանք է տարվում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» AmEx քարտերը ՀՀ այլ բանկերում սպասարկելու ուղղությամբ: Tweet Դիտում՝ 18760