Նախկին վարչապետը քննադատել է 2011թ. պետբյուջեն եւ կենսաթոշակային բարեփոխումները

02.11.2010 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ տարվա արդյունքներով Հայաստանում տնտեսական աճ չի արձանագրվի, իսկ ինֆլյացիան կարող է հասնել 10%-ի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Հրանտ Բագրատյանը գնահատել է նաեւ 2011թ. ՀՀ պետբյուջեն: Նա ասել է, որ 2011թ. պետբյուջեն 2008թ. բյուջեի համեմատ ավելացել է 13%-ով, սակայն, եթե հաշվի առնվի այդ ժամանակահատվածի ինֆլյացիան, որը կազմել է 26%, ապա ՀՀ բյուջեն 4 տարվա ընթացքում կրճատվել է 13%-ով:

Հրանտ Բագրատյանը մեկնաբանել է նաեւ կենսաթոշակային բարեփոխման մասին օրենքը` ընդգծելով, որ «կառավարությունը խիզախություն չունի խոստովանելու, որ այդ եղանակով կենսաթոշակային բարեփոխում անցկացնել չի կարելի, եւ մշտապես երկարացնում է դրա իրագործման ժամկետը»:

Ինչպես նշել է նախկին վարչապետը, բարեփոխման համաձայն, ամեն տարի կենսաթոշակային հաշիվներում կուտակվելու է շուրջ $600 մլն, որոնք օգտագործվելու են արտասահմանյան արժեթղթեր ձեռք բերելու նպատակով:

Միաժամանակ, Հրանտ Բագրատյանն ընդգծել է, որ համաձայն է Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխման անհրաժեշտությանը, քանի որ ներկայումս երկրում միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 20%-ը, «ինչն անթույլատրելի է»:

Դիտում՝ 11894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW