Երեւան/Մեդիամաքս/. Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկը (ԱԶՍԲ) քննարկում է հայկական հեռանկարային ձեռնարկությունների կապիտալում մասնակցելու հնարավորությունը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովն այսօր Երեւանում ասել է, որ “նախագծային եւ կորպորատիվ ֆինանսավորումից բացի մեզ հետաքրքրում է նաեւ մասնակցությունը տարբեր ձեռնարկությունների կապիտալում, ինչպես անմիջական, այնպես էլ տարբեր ներդրումային հիմնադրամների միջոցով”: Նա ասել է, որ ԱԶՍԲ-ն, մասնավորապես, բանակցություններ է վարում մի հիմնադրամի հետ, որն իրեն լավ է դրսեւորել Բալկաններում եւ քննարկում է կովկասյան տարածաշրջանում գործունեություն սկսելու հնարավորությունը:Խոսելով Հայաստանում ԱԶՍԲ-ի մյուս ծրագրերի մասին, Անդրեյ Կոնդակովն ասել է, որ բանկը մտադիր է վարկեր տրամադրել երեք հայկական բանկերի, քննարկում է սննդի ոլորտում գործող հայկական վարկառուներից մեկին կրկնակի վարկավորելու հնարավորությունը, ինչպես նաեւ նախատեսում է ֆինանսավորել անշարժ գույքի ոլորտը:ԱԶՍԲ Հայաստանի գծով ազգային տնօրեն, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշել է, որ կառավարությունը ձգտելու է, որպեսզի ԱԶՍԲ վարկային ներդրումներն ուղղվեն ոլորտներ, որոնք նպաստում են տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ արտահամնան զարգացմանը: Անդրեյ Կոնդակովին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի նախագահը ողջունել է հայկական տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանն ուղղված ԱԶՍԲ քայլերը, նշելով բանկի կողմից առաջարկվող վարկային միջոցների մատչելիությունը: Tweet Դիտում՝ 12994