Երեւան/Մեդիամաքս/. Գործազրկությունը, սոցիալական վատ պայմանները եւ բնակարանային խնդիրը ՀՀ բնակչության առաջնահերթ խնդիրներն են: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին վկայում են ՀՀ կառավարության պատվերով այս տարվա սեպտեմբերին «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից 1619 հարցվածների միջեւ (որից 571` Երեւանում, 1048` մարզերում) անցկացված հարցման արդյունքները: Որպես իրենց ընտանիքի առաջնահերթ խնդիր հարցվածների 45%-ը նշել է գործազրկությունը, 23.7%` աղքատությունն ու անբավարար սոցիալական պայմանները, իսկ 13,1%` բնակարանային խնդիրը (բնակարանի ձեռք բերում կամ վերանորոգում): Առաջնահերթ այլ խնդիրների թվում նշվել են ցածր աշխատավարձը (7.3%), առողջական խնդիրները (6.8%), ցածր թոշակը (5.6%), կրթության ցածր մակարդակն ու բարձր գները (3%), գնաճն ու հարկերը (2%): Հարցվածների 41.7%-ը գործազրկությունը համարում է նաեւ ներկայումս ՀՀ առջեւ կանգնած ամենագլխավոր մարտահրավերը: Հայաստանի համար մյուս առաջնահերթ խնդիրները, հետազոտության համաձայն, հանդիսանում են ցածր կենսամակարդակը (16.5%), գնաճն ու հարկերը (13.2%) եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը (8.6%): ՀՀ առաջնահերթ այլ խնդիրների թվում նշվել են արտագաղթը (5.5%), մարդու իրավունքների խախտումները (4.7%), գյուղատնտեսության վատ վիճակը (4.1%), կոռուպցիան (2,2%), օլիգարխիան եւ մենաշնորհները: Tweet Դիտում՝ 12688