Երեւան/Մեդիամաքս/. Անդրազգային արտադրողները կարողացել են կոտրել ՀՀ ալկոհոլային եւ ծխախոտային լոբբիստների դիմադրությունը` հասնելով տեղական արտադրողների հարկային արտոնությունների դադարեցմանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին այսօր գրել է «ՌԲԿ Daily» թերթը: Թերթը նշում է, որ առաջիկայում ՀՀ նախագահը պետք է հրամանագիր ստորագրի «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որոնք ենթադրում են 2014թ. ակցիզային տոկոսադրույքների հավասարեցում հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համար: 2000 թ-ից ծխախոտ ներկրողների եւ տեղական արտադրողների համար ակցիզային տոկոսադրույքները տարբեր են եղել: 2008թ. ՀՀ խորհրդարանն ընդլայնել էր տոկոսադրույքների տարբերությունը տեղական եւ արտասահմանյան արտադրողների համար, որը 2009թ. հասել էր 36,8%-ի: Նույնը նաեւ ալկոհոլային խմիչքների շուկայում. օտարերկրյա ներկրողների համար ակցիզային հարկի տոկոսադրույքը աճել էր 100%-ով: «ՌԲԿ Daily»-ն գրում է, որ մինչեւ 2014թ. ակցիզների տոկոսադրույքների հավասարեցման մասին որոշումը ԱԺ-ն ընդունել է այն բանից հետո, երբ ԱՀԿ մտած Ուկրաինան նախաձեռնել է հատուկ հանձնաժողովի ստեղծումը «հայաստանյան հարցի» լուծման համար: «Ես չեմ կասկածում, որ Հայաստանում ծխախոտային ապրանքների ակցիզային տոկոսադրույքների հավասարեցման մասին որոշումը հրահրել են անդրազգային կորպորացիաները` օգտվելով ԱՀԿ գործիքներից»,- հայտարարել է «Ռուսական ծխախոտ» գործակալության տնօրեն Մաքսիմ Կորոլյովը: Tweet Դիտում՝ 8754