Երեւան/Մեդիամաքս/. Օգտվելով ներկայիս օրենսդրության խնդիրներից` գերիշխող տնտեսական սուբյեկտը կարող է թույլ տալ խախտումներ, վնաս հասցնել տնտեսությանն ու սպառողներին, ապա լուծարել իր ընկերությունն ու մնալ անպատիժ, հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ նախագահ Արտակ Շաբոյանը: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունում, ՀՀ հասարակական եւ իրավաբանական անձանց հետ հակամենաշնորհային օրենսդրության փոփոխությունների քննարկման ընթացքում Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ նոր օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է խոշոր ձեռնարկությունների լուծարման արգելքը առանց հանձնաժողովի համապատասխան թույլտվության: Արտակ Շաբոյանի նկարագրած դեպքերից ամենահիշարժանը տեղի է ունեցել 2008թ., երբ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող եւ դիվերսիֆիկացված բիզնեսով զբաղվող «Սալեքս Գրուպ» ընկերությունը կատարել է գերիշխող դիրքի չարաշահման բազմաթիվ խախտումներ եւ լուծարվել է` այդպիսով խուսափելով տուգանքներից: Ավելի ուշ դրա փոխարեն կազմավորվել է մեկ այլ ընկերություն` «Ալեքս Գրիգը», որը եւս հայտնի է գերիշխող դիրքի չարաշահման բազմաթիվ խախտումներով եւ անբարեխիղճ մրցակցության դեպքերով: Tweet Դիտում՝ 11907