«Մեր տնտեսությունը լավ դիվերսիֆիկացված չէր»,- հայտարարել է ՀՀ նախագահը

17.09.2010 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ շտկումներ է մտցրել մեր ծրագրերում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, ՀՀ նախագահն այդ մասին ասել է Կիեւի «Պրոֆիլ» ամսագրում հրապարակված հարցազրույցում:

«Մինչ այդ շուրջ 10 տարվա ընթացքում ՀՀ տնտեսության զարգացումը չափվում էր երկնիշ թվերով: Մեր պետական պարտքը փոքր էր, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները` շատ լավը: Սակայն մեկուսացված վիճակը, շահավետ տրասնպորտային ենթակառուցվածքի բացակայությունը միշտ խնդիր է եղել, եւ, ցավոք, մեր տնտեսությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէր: Հայաստանի տնտեսական ցուցանիշներն աճում էին, այդ թվում նաեւ շինարարության ու այն միջոցների հաշվին, որոնք մենք ստանում էինք արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից: Համաշխարհային ճգնաժամի հետեւանքների, շատ մարդկանց խուճապի մատնվելու լույսի ներքո մեր տնտեսությունը շատ ծանր հարված ստացավ, մենք կորցրեցինք ՀՆԱ 14%-ը: Սակայն նույնիսկ այդ իրավիճակում մենք չձախողեցինք ոչ մի սոցիալական ծրագիրը, ոչ մի օր չուշացրեցինք կենսաթոշակները, սոցիալական վճարումները, աշխատավարձերը: Հնարավոր է` դա, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում արդեն վաղուց շուկայական տնտեսություն է, քիչ թե շատ բարենպաստ մթնոլորտ, բանկային համակարգի կայունություն, ինչպես նաեւ հայերի նախաձեռնող լինելը օգնում են վերականգնել նախորդ տարի բաց թողնվածը: Ցավոք, այժմ եւս ամեն ինչ հարթ չէ: Բնությունը այդքան էլ գթասիրտ չէ մեր հանդեպ, եւ արդյունաբերության 12% աճի դեպքում մենք ունենք ենք գրեթե 25% անկում գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի մենք կորցրեցինք ծիրանի, այլ մրգերի գրեթե ողջ բերքը, ցորենի հետ խնդիրներ կան, այնուամենայնիվ, առաջին կիսամյակի արդյունքներով մենք արձանագրեցինք շուրջ 7% աճ: Եվ կարծում եմ, որ մենք տարին կփակենք դրական ցուցանիշներով, թեեւ հազիվ կարողանանք 100%-ով վերականգնել այն, ինչը կորցրեցինք 2009 թվականին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանի ստացած միջոցների օգտագործման մասին` նախագահն ընդգծել է, որ «մենք այդ վարկերից ոչ մի լումա չենք ծախսել աշխատավարձերի կամ սոցիալական նպաստների վճարման նպատակով»:

«Ամեն ինչ ուղղվել է տնտեսություն եւ կայունացնող ֆոնդ: Այսօր մեր պետական պարտքը կազմում է ՀՆԱ կեսից պակաս: Եթե դատենք ըստ վերցված վարկերի, այն կազմում է շուրջ 40%, իսկ եթե ըստ ստորագրված պայմանագրերի` 47-48%: Դրանք շատ նորմալ թվեր են. ես կարող եմ նշել տասնյակ զարգացած երկրներ, որոնց պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ 100%-ը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 18242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW