Հայաստանը նախավերջինն է հակամենաշնորհային քայլերի արդյունավետությամբ

09.09.2010 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010-2011թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, Հայաստանը հետազոտված 139 երկրների թվում զբաղեցնում է 138-րդ տեղը պետական հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում «Տնտեսություն եւ արժեքներ» (Մրցունակության համաշխարհային կենտրոնի հայաստանյան գործընկերը) հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանն ասել է, որ զեկույցի համաձայն, Հայաստանի առավել ուշագրավ թերությունների թվում է նաեւ տեղական մրցակցության ինտենսիվությունը (136-րդ տեղ), տեխնոլոգիական ապրանքների պետական գնումների քաղաքականությունը (134-րդ տեղ), շուկայում գերիշխող խմբերի առկայությունը (133-րդ տեղ) եւ բաժնեմասային ֆինանսավորման տեղական աղբյուրների առկայությունը (131-րդ տեղը):

Զեկույցում Հայաստանի մրցունակության միջինացված վարկանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 1 միավորով (98-րդ տեղը 139 երկրների թվում):

Մանուկ Հերգնյանի խոսքերով, դրական առաջընթաց է արձանագրվել առողջապահության եւ կրթության բնագավառներում: Միաժամանակ, զգալիորեն վատթարացել են ՀՀ վարկանիշերը մակրոտնտեսական կայունության (նվազում 46 միավորով, 99-րդ տեղ) եւ ֆինանսական շուկայի զարգացման մակարդակի (նվազում 13 միավորով, 110-րդ տեղ) ոլորտներում: 8 միավոր նվազում է նկատվում նաեւ նորարարությունների ոլորտում (116-րդ տեղ):   

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով նշված ոլորտներում վարկանիշի անկման պատճառը` Մանուկ Հերգնյանն ասել է, որ դա հիմնականում պայմանավորված է պետբյուջեի հաշվեկշռում բացասական զարգացումներով, պետական պարտքի ավելացմամբ եւ բանկային տոկոսադրույքների սպրեդով:

Մրցունակության համաշխարհային զեկույցի հեղինակները վերլուծում են տվյալներն ըստ պետությունների եւ դասակարգում դրանք ըստ մրցունակության ցուցանիշի: Այդ ցուցանիշն, իր հերթին, հաշվարկված է 12 հիմնասյուների հիման վրա: Վարկանիշերի հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:

2010-2011թթ. զեկույցի արդյունքներով, վարկանիշի առաջատարներն են Շվեյցարիան, Շվեդիան, եւ Սինգապուրը: ԱՊՀ երկրների թվում առաջատարը Ադրբեջանն է (57-րդ տեղը), երկրորդ տեղում է Ռուսաստանը (63-րդ տեղը): Վրաստանը ցուցակում գտնվում է 93-րդ դիրքում: Զեկույցը հայերեն եւ անգլերեն տարբերակներով հասանելի է հետեւյալ հասցեով` http://www.ev.am/am/initiatives/competitiveness/globalcompetitiveness:

Դիտում՝ 14211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW