Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկն ու Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիան /ՀՎԿԱ/ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի շուրջ: Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՎԿԱ նախագահ Խորեն Քերոբյանը, շարունակվող քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն ծավալի նորմատիվը 4 տարվա ընթացքում փուլային եղանակով բարձրացնելու վերաբերյալ: Մասնավորապես, ԿԲ-ն ունիվերսալ վարկային կազմակերպություններին եւ լիզինգային կազմակերպություններին առաջարկում է ընդհանուր կապիտալի ծավալը 150 մլն-ից բարձրացնել մինչեւ 1 մլրդ դրամ 3 փուլով: Այսպես, 2011թ. հուլիսի 1-ից ընդհանուր կապիտալի նվազագույն ծավալը պետք է կազմի 300 մլն դրամ, 2013թ. հունվարի 1-ից ` 600 մլն դրամ, իսկ 2015թ. հունվարի 1-ից` 1 մլրդ դրամ: Խորեն Քերոբյանի խոսքերով, ներկայումս քննարկումներ են ընթանում հիմնական կապիտալի ծավալի բարձրացման օպտիմալ մեխանիզմների մշակման նպատակով: Մասնավորապես, ԿԲ քննարկմանն են ներկայացվել առաջարկներ երկարաժամկետ ստորադաս փոխառություններ ներմուծելու, ՈՒՎԿ-ների համար տարադրամի առքուվաճառքի սահմանափակումները վերացնելու, պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման պայմանները մեղմելու, ՈՒՎԿ-ների ֆիզիկական անձ հիմնադիրների կողմից փոխառությունների նվազագույն սանդղակը վերացնելու մասին: ՀՎԿԱ ղեկավարի գնահատմամբ, ԿԲ ներկայացուցիչների հետ քննարկումները կառուցողական են, քննարկվուվ են փոխզիջումային որոշումներ, որոնք կբավարարեն ինչպես կարգավորչի պահանջները, այնպես էլ կհամապատասխանեն վարկային կազմակերպությունների շահերին: ՀՎԿԱ կազմում ընդգրկված են 6 վարկային կազմակերպություններ, եւս 3-ը` «ԲԼԵՍՍ», «Կրեդիտ Յունիոն» եւ «ЕCLOF», անդամություն կձեւակերպեն այս տարվա սեպտեմբերին: Հոլանդական «Օքսֆամ-Նովիբ» ընկերությունից ստացված դրամաշնորհի հաշվին ՀՎԿԱ-ի նոր անդամների միանվագ վճարը, ինչպես նաեւ ասոցիացիայի բոլոր անդամների համար ամսական վճարումները կկազմեն 80 հազարական դրամ` նախկին 200 հազար եւ 120 հազար դրամի փոխարեն: Tweet Դիտում՝ 51771