Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է Norsk Energi-ի եւ հայկական «Հիդրոէներգետիկա» ընկերության 4-ամսյա համատեղ ծրագիրը, որն ուղղված է ՀՀ փոքր ՀԷԿ-երի տեխնիկական կարողությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ծրագրի շնորհանդեսի ընթացքում Norsk Energi ծրագրի տնօրեն Իուն Ջու Յին տեղեկացրել է, որ դրա իրականացումը ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտին թույլ կտա բավարարել կայանների շինարարության եւ շահագործման համատեղ տեխնիկական եւ բնապահպանական ժամանակակից ստանդարտները, ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդ տեխնիկական մասնագետների համար, ինչպես նաեւ ներգրավել անհրաժեշտ ներդրումներ: Ծրագիրը ենթադրում է երիտասարդ մասնագետների մասնագիտական նախապատրաստում: Ծրագրի արդյունքում երիտասարդ մասնագետները կմշակեն հայկական ՀԷԿ-երի համար նախատեսված նախնական բիզնես-պլաններ եւ նախագծեր, որոնք կքննարկվեն ներդրողների կողմից: Ինչպես միջոցառման ընթացքում նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ փոքր հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը կրկնապատկվել է եւ ներկայումս կազմում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 5%-ը: «2020թ. ՀՀ փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը նախատեսվում է հասցնել 10%-ի»,- ասել է Արեգ Գալստյանը` այդ համատեքստում ընդգծելով ոլորտում միջազգային մակարդակի մասնագետների առկայության կարեւորությունը: Norsk Energi ծրագիրը ֆինանսավորում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը: Ծրագրի արժեքն է €190 հազար: Ծրագրի իրականացմանն աջակցում է «Ամերիաբանկը»: Tweet Դիտում՝ 10904