Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության /ՀՀԿ/ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ անբարենպաստ գյուղատնտեսական տարում մթերքի գնաճն անսպասելի չէր: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հակոբ Հակոբյանն այդ մասին ասել է այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով, զարմանալի չէ, որ տնտեսվարող սուբյեկտները փորձում են այդ իրավիճակն օգտագործել սեփական շահի համար, սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության համապատասխան մարմինները մշտապես վերահսկում են պարենային ապրանքների շուկան` գնային քաղաքականության անբարեխիղճ երեւույթները չեզոքացնելու նպատակով: Կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք է հայտնել, որ ներկայումս Հայաստանում չկա գյուղատնտեսական ոլորտի զարգացման հստակ ռազմավարություն, եւ ամեն տարի ֆերմերները «տոտալիզատոր են խաղում»` փորձելով գուշակել առավել ձեռնտու ցանքը: Պատգամավորը համաձայնել է փորձագետի կարծիքին` նշելով, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական ռազմավարության ընդունման ուղղությամբ եւ նվազագույնի հասցնել ֆերմերների ռիսկերը: Նրա խոսքերով, հանձնաժողովը ԱԺ քննարկմանն է ներկայացրել համապատասխան առաջարկները: Միաժամանակ, նա նշել է, որ լեռնային շրջաններում արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, եւ մոտ ապագայում կարելի է կանխատեսել շուկայում գների նվազեցում: Tweet Դիտում՝ 14290