Երեւան/Մեդիամաքս/. «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության հավաքագրմանը հանձնված ժամկետանց դրամական պարտավորությունների ընդհանուր պորտֆելը մեկ տարվա կտրվածքով կազմել է 150 մլն. դրամ: Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հայտնել է «Ռեստիտուտոր Քեյ Փի» ՍՊԸ տնօրեն Լորիս Եղոյանը, հաշվետու ժամանակահատվածում ընկերության կողմից հավաքագրվել է ընդհանուր պորտֆելի 43%-ը` 64 մլն. 500 հազ. դրամ: Լորիս Եղոյանի գնահատմամբ, «սա լավ ցուցանիշ է` հաշվի առնելով, որ հավաքագրմանը հանձնված պարտքերի շուրջ 80%-ը պահանջատերերի կողմից ի սկզբանե բնութագրվել է որպես անհուսալի»: Ընկերության պորտֆելում ընդգրկված գործերի 15%-ը` 22 մլն. 500 հազ. դրամ, ավարտվել են ապարդյուն պարտապանների չհայտնաբերվելու, հանրապետությունից մշտապես բացակայելու, մահվան եւ նմանօրինակ այլ պատճառներով: Ինչ վերաբերում է պորտֆելի մնացած մասին, ապա ժամկետանց պարտքերը գտնվում են հավաքագրման փուլում: Վերջին 6 ամիսների ընթացքում ընկերության հաճախորդային բազան համալրեն են 25 ֆիզիկական եւ 15 իրավաբանական անձինք, այդ թվում` 4 ֆինանսական կազմակերպություններ: «Ռեստիտուտոր Քեյ Փի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ. սեպտեմբերին եւ հանդիսանում է Հայաստանում գործող առաջին կոլլեկտորային ընկերությունը, որը կատարում է փաստացի եւ իրավաբանական գործողություններ` ուղղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեբիտորական, ինչպես նաեւ բանկերի եւ վարկային կազմակերպությունների ժամկետանց վարկերի հավաքագրմանը: Tweet Դիտում՝ 17686