Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Լարս Թանելը Հայաստան կատարած իր այցի շրջանակներում այցելել է «Ամերիաբանկ», որտեղ բանկի ղեկավարության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, Լարս Թանելը ծանոթացել է կորպորացիայի կողմից «Ամերիաբանկին» տրամադրված միջոցների օգտագործման ուղղություններին: Հանդիպման մասնակիցները նշել են, որ «Ամերիաբանկը» հաջողությամբ եւ բավականին կարճ ժամկետներում է օգտագործել ՄՖԿ-ի կողմից տրամադրված միջոցները ($10 մլն երաշխիք` միջազգային առեւտրի ֆինանսավորման համար եւ $15 մլն վարկ` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար): ՄՖԿ-ի վարկերի շնորհիվ «Ամերիաբանկը» միացել է կորպորացիայի Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրին` ստանալով 100% երաշխիք իր հաճախորդների ներկրման եւ արտահանման գործառնությունների համար, ինչպես նաեւ ֆինանսավորել է Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի 8 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 26.08 ՄՎտ, իսկ կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրանքը` 80.6 մլն ԿՎՏժ: Tweet Դիտում՝ 13117