Երեւան/Մեդիամաքս/. Առեւտրային բանկերի միջոցով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 2010թ. երկրորդ եռամսյակում կազմել է 97 մլրդ դրամ (459 575 փոխանցում): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների միջազգային համակարգերով կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 71 մլրդ դրամ: 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել է 6 մլրդ դրամով: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 212 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 7 հազ. Դրամով, կամ 3,2%-ով: Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց կատարված դրամական փոխանցումները 2010թ. երկրորդ եռամսյակում կազմել են 136 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,3%-ով: Արտասահման կատարված փոխանցումների ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 36%-ով` կազմելով 65 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 13013