Երեւան/Մեդիամաքս/. «Բի Էս Սի» ընկերությունը մշակել է բիզնես-պլանների օրինակելի ձեւեր բանկերի եւ վարկային կազմակերպությունների հավանական վարկառուների համար:Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Բի Էս Սի»-ի բաժնետեր-տնօրեն Սամվել Գեւորգյանը, նոր առաջարկը նախատեսված է արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտներում գործունեություն ծավալող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Առաջարկվող բիզնես-պլանների օրինակները միտված են ձեռնարկատիրական գործունեության գրագետ պլանավորմանը, ռիսկերի կառավարմանը եւ ընկերության գործունեության ֆինանսական վերլուծության իրականացմանը: Օրինակելի բիզնես-պլանները հաշվի են առնում նաեւ վարկատու կազմակերպությունների կողմից ներկայացվող պահանջները եւ բաղկացած են երեք հիմնական բաժիններից` տեքստային հատված կազմելու ուղեցույց, ֆինանսական մոդուլներ եւ վերլուծական գրաֆիկներ, որոնք ինքնուրույն կազմվում ու լրացվում են համապատասխան ընկերության աշխատակցի կողմից: Սամվել Գեւորգյանի խոսքերով, նոր ծառայությունը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռնի ծանոթանալու պրոֆեսիոնալ բիզնես-պլանի մշակման տեխնոլոգիային` զգալիորեն նվազեցնելով ծախսերն ու տնտեսելով բիզնես-պլան կազմելու ժամանակը: Ներկայումս օրինակելի բիզնես-պլանների փաթեթը մշակված է հետեւյալ ոլորտների համար` ոգելից խմիչքների արտադրություն (օղի, գինի, գարեջուր); պահածոների (մուրաբաների) արտադրություն; պանրագործություն; ջերմատնային տնտեսություն; խաղողագործություն; թռչնաբուծություն ու ոչխարաբուծություն; կոշիկի արտադրություն; մանկական հագուստի վաճառքի կազմակերպում: Ընկերությունն աշխատանք է ծավալում ինտերնետային կայք գործարկելու ուղղությամբ, որի միջոցով գործարարները հնարավորություն կունենան առցանց պատվիրել օրինակելի բիզնես-պլաններ: Tweet Դիտում՝ 24015