Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ Համաշխարհային բանկն /ՀԲ/ այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել գյուղական ճանապարհների վերակառուցման համար $40 մլն լրացուցիչ ֆինանսավորման մասին (LRIP- AF2): Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, միջոցները կուղղվեն ոչ միայն երկրի տնտեսություն, այլեւ թույլ կտան բացել նոր աշխատատեղեր, ավելացնել հարկային մուտքերը, ինչը դրական կանդրադառնա ՀՆԱ աճի վրա: Նախարարն ընդգծել է, որ գյուղական վայրերում ենթակառուցվածքի վերականգնումը կնպաստի մարզերի ու գյուղատնտեսական համայնքների զարգացմանը:ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Մելքումյանի խոսքերով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել 190 կմ ճանապարհ 9 մարզերում:Նա հիշեցրել է, որ Հայաստանում գյուղատնտեսական ճանապարհների շինարարության հիմնական ծրագիրը ՀԲ կողմից հաստատվել է 2009թ. փետրվարին: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան $100 մլն եւ նախատեսում է երկրում 430 կմ ճանապարհների վերականգնում: Tweet Դիտում՝ 12311