Պետպարտատոմսերի եկամտաբերության նվազումը պայմանավորված է դրամի նկատմամբ ճնշման թուլացմամբ

13.07.2010 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազումը պայմանավորված է դրամի նկատմամբ ճնշման սեզոնային թուլացմամբ եւ այն հանգամանքով, որ «ԿԲ-ն սկսել է ավելի առատաձեռնորեն դրամ ներարկել շուկա»:

«Պետպարտատոմսերի եկամտաբերության վրա ազդում է այն հանգամանքը, որ բնակչությունն իր խնայողությունները պահում է արտարժույթով եւ դրամով ներդրումներ չի կատարում»,- ասել է Տիգրան Կարապետյանը:

Նա նշել է, որ կապիտալի շուկայում ստեղծվում է մի իրավիճակ, երբ կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը, որոնց մարման ժամկետին մնացել է 1 կամ 1,5 տարի, գերազանցում է նմանատիպ պետական արժեթղթերի եկամտաբերությունը:

«Պատկերն այլ էր 2 ամիս առաջ, սակայն դա պայմանավորված էր ոչ թե կորպորատիվ ու պետական պարտատոմսերի միջեւ մրցակցությամբ, այլ շուկայում նկատվող դրամի դեֆիցիտով: Դա, իր հերթին, պայմանավորված էր Կենտրոնական բանկի քաղաքականությամբ, որը «ժլատորեն» էր դրամ թողարկում` փորձելով զսպել գնաճը: Ներկայիս իրավիճակի վրա ազդել են 2 գործոններ` դոլար/դրամ հարաբերակցության վրա ճնշման թուլացումը` սեզոնայնության գործոնի լույսի ներքո, եւ ԿԲ-ի կողմից առատաձեռնորեն թողարկվող դրամը»,- ասել է Տիգրան Կարապետյանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, կորպորատիվ պարտատոմսերը ետ են մնում պետականներից իրենց իրացվելիությամբ, եւ նոր թողարկումների բացակայությունը վկայում է դրամով ակտիվների նկատմամբ ներդրողների անվստահության մասին:

Միաժամանակ, Տիգրան Կարապետյանը չի կարծում, որ Հայաստանում արտարժույթի փոխարժեքը ձեւավորվում է բացառապես շուկայական մեխանիզմներով: «Չնայած այստեղ մրցակցությունը շատ ավելի լավ վիճակում է, քան տնտեսության այլ հատվածներում, այնուամենայնիվ, շուկայական գործիքները ֆինանսական հատվածում ոչ միշտ են օգտագործվում»,- ամփոփել է «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրենը:

Դիտում՝ 14181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW