Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տնտեսության վարկավորումը 2010թ. առաջին 5 ամիսների ընթացքում ավելացել է 6%-ով (42 մլրդ դրամով)` կազմելով 780 մլրդ դրամ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի եւ ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը այսօր ասել է, որ վարկավորման աճը հիմնականում բաժին է ընկել առեւտրին` 16 մլրդ դրամ, սպառողական վարկերին` 8.8 մլրդ դրամ, արտադրությանը` 4 մլրդ դրամ, շինարարությանը` 5 մլրդ դրամ եւ այլն: ԿԲ կանխատեսումների համաձայն, այս տարվա արդյունքներով, վարկային պորտֆելի աճը կկազմի 20-25%: 2008թ. (մինչեւ ճգնաժամը) վարկային պորտֆելի աճը կազմում էր 51%, իսկ 2009թ.` 14%: 2009թ. ցուցանիշի ապահովման գործում կարեւոր դեր են կատարել ԿԲ եւ կառավարության ծրագրերը, մասնավորապես, ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից բանկերին 60.5 մլրդ դրամի տրամադրումը, որից 58 մլրդ-ը արդեն տեղաբաշխվել է: ԿԲ ներկայացուցիչը չի բացառել, որ վարկավորման ակտիվացումը կարող է հանգեցնել տոկոսադրույքների իջեցմանը: Նա նկատել է, որ շուկայում արդեն նկատվում է արտարժութային վարկերի տոկոսադրույքների իջեցում` տարեկան 11-12%: Խոսելով հիփոթեքային վարկավորման մասին` Վահե Վարդանյանը հայտնել է, որ Ազգային հիփոթեքային ընկերության տվյալներով, հատկացվել է 6.2 մլրդ դրամի 780 վարկ, ընդ որում, «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվել է 620 մլն դրամի 69 վարկ: Tweet Դիտում՝ 14013