Կառավարությունը հիփոթեքային վարկերն ավելի հասանելի կդարձնի երիտասարդ ընտանիքների համար

21.06.2010 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի, մարման ժամկետի եւ տոկոսադրույքների վերանայման անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով հունիսի 19-ին կայացած վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին, Տիգրան Սարգսյանն ասաց, որ սահմանված են վարկավորման բավականին խիստ չափանիշներ, որոնք արդարացված են միայն ծրագրի սկզբի համար, որպեսզի հնարավոր լիներ փորձարկել մշակված մեթոդաբանությունը: Վարչապետը փաստել է, որ ծրագիրը դանդաղ է առաջ ընթանում, և նշել է վարկային պայմանների վերանայման անհրաժեշտությունը:

«Մենք  պատրաստ ենք ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար  և նույնիսկ պատրաստ ենք ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին ծրագրի հաջող իրականացման համար», - ասաց վարչապետը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ տարածքային համաչափ զարգացման գերակայությունը կառավարության ծրագրերում ավելի ընդծված երեւալու համար, կարելի է էապես մեղմացնել պայմանները համայնքային հայտերի վերաբերյալ:

Ըստ Տիգրան Սարգսյանի, մոտ ապագայում կկայանա հարցի քննարկում կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքային խմբում:

Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի հասանելիության բարձրացմանն ուղղված պետական ծրագիրը սկսել է գործել ընթացիկ տարվա մարտից: Այդ նպատակով ԿԲ կողմից հիմնադրվել է «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ-ը, որը վերաֆինանսավորում է ծրագրի շրջանակներում տրամադրվող առեւտրային բանկերի հիփոթեքային վարկերը: Ծրագրի համաձայն, հիփոթեքային վարկ կարող են ստանալ հետեւյալ չափանիշներին համապատասխանող ընտանիքները.

- ամուսիններից մեկը 18-30 տարեկան Հայաստանի քաղաքացի է;
- ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 60-ը;
- ընտանիքի անդամներից յուրաքաչյուրի տարիքը չի գերազանցում 35-ը;
- միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 30 տարին:

Հիփոթեքային վարկերը դրամային են եւ տրամադրվում են 9,5-10% տարեկան տոկոսադրույքով, որոնցից 2 տոկոսային կետերը սուբսիդավորվում են պետության կողմից: Այսպիսով, վարկառուն ստանում է վարկը 7,5-8%-ով: Մարման առավելագույն ժամկետը 20 տարի է, գնվող բնակարանի առավելագույն արժեքը՝ 16 մլն դրամ, իսկ կանխավճարը՝ սկսաց բնակարանի արժեքի 30%-ից:

Դիտում՝ 16062
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW