Երեւան/Մեդիամաքս/. “Ֆինանսաբանկային Քոլեջ” (ՖԲՔ) Հիմնադրամը եւ Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան այսօր Երեւանում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, համաձայնագրի ստորագրումը կայացավ ՖԲՔ-ի կողմից իրագործվող “Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր” շարունակական ծրագրի շրջանակներում: Երկկողմ համաձայնության շրջանակներում ՖԲՔ-ը կկազմակերպի դասընթացներ ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցների համար: ՖԲՔ-ի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանի խոսքերով, Հիմնադրամը հավատարիմ իր առաքելությանն ու գործելակերպին շարունակում է ֆինանսական համակարգի մասնագետների եւ հավակնորդների մասնագիտական զարգացմանն ուղղված արդիական գործընթացներին, համագործակցության ծրագրերին վերաբերող ներկայացումները: Նա նշեց, որ երկկողմ համագործակցությունը մեկ անգամ եւս հաստատում է Հիմնադրամի պատրաստակամությունը` համատեղ ուժերով նպաստել ՀՀ ապահովագրական շուկայի զարգացմանը: Ինչպես նշեց Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Պետրոսյանը, ապահովագրական շուկայի զարգացման ներկայիս փուլում Ասոցիացիան կարևորում է հասարակությունում ապահովագրության նկատմամբ վստահության ձևավորման եւ զարգացման գործընթացների իրականացումը: Արմեն Պետրոսյանի խոսքերով, Հայաստանում պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման, ապահովագրական կազմակերպությունների հնարավոր ընդլայնման, աճող մրցակցության պայմաններում, ապահովագրական ընկերությունները կարիք ունեն որակյալ երիտասարդ կադրերի, որոնց պատրաստումը Ասոցիացիան համարում է իր առաջնահերթ խնդիրներից մեկը: Հանդիպման շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը հանդես եկավ “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն” թեմայով ներկայացմամբ, իսկ Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը` “Վեճերի արտադատական լուծման ուղիներ. ֆինանսական արբիտրաժի ինստիտուտի կիրարկումը ՀՀ-ում” թեմայով ներկայացմամբ: Tweet Դիտում՝ 25600