Կառավարությունը կհատկացնի 10 մլն դրամ դպրոցի վերակառուցմանը` Rock Aid Armenia ծրագրի ներքո

27.05.2010 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար հատկացնել 10 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ «կառավարության ներդրումն, ըստ էության, խորհրդանշական է եւ կազմում է երաժշտական դպրոցի վերակառուցման համար անհրաժեշտ գումարի մոտ 10%-ը»:

«Մեր ավանդն ուղղված է նրան, որպեսզի բարեգործական ակցիայի կազմակերպիչներին հավաստիացնենք ՀՀ կառավարության աջակցությունը»,- ասել է Տիգրան Դավթյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նախագիծը հանդիսանում է բրիտանացի ռոք-աստղերի եւ նրանց հայաստանյան երկրպագուների միջեւ շփումների արդյունքը, ովքեր չեն մոռացել Սպիտակի երկրաշարժից հետո Rock Aid Armenia նախագծի շրջանակներում Հայաստանին երաժիշտների ցուցաբերած օգնությունը:

«Այդ գործում մեծ է Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի անձնական ներդրումը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նախագիծը համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, ավստրալական Do Something կազմակերպությունը (որի տնօրեն Ջոն Դին եղել է 1989թ. Rock Aid Armenia ծրագրի նախաձեռնողը) եւ Հայ Օգնության Ֆոնդը: Դպրոցն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ընթացքում եւ մինչ այժմ գործում է ժամանակավոր տնակային պայմաններում:

2009թ. հոկտեմբերի 1-ին ռոք-աստղեր Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը, թենիսի աստղ Փեթ Քեշը եւ Ջոն Դին այցելեցին դպրոց` Մեդիամաքս-ի կողմից կազմակերպված Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակներում եւ որոշեցին աջակցել դրա վերականգնմանը:

Այս տարվա սկզբին Իէն Գիլանն ու Թոնի Այոմին դպրոցին նվեր ուղարկեցին պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ:

Մեդիամաքս-ը հանդես եկավ 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգի կազմակերպիչը: Համերգների ողջ հասույթը` $ 45.000-ը, կօգտագործվի դպրոցի վերակառուցման համար:

2010-2011թթ. Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջոն Դին եւ Մեդիամաքս-ը մտադիր են իրականացնել մի քանի նախագծեր` ուղղված դպրոցի վերականգնման համար միջոցների հավաքագրմանը:

Դիտում՝ 11907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW