Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանից Հայաստան բեռնարկղային (կոնտեյներային) փոխադրումն այժմ երկու անգամ ավելի արագ կիրականացվի: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, դա հնարավոր է դարձել «Ապավեն» հայաստանյան տրանսպորտային ընկերության եւ «Տրանսկոնտեյներ» ռուսաստանյան ընկերության պայմանավորվածության շնորհիվ: «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի խոսքերով, «Տրանսկոնտեյներ»-ն ամբողջ Ռուսաստանում ունի կոնտեյներային կայաններով 130 տերմինալներ, ինչը թույլ է տալիս բեռը Ռուսաստանի ցանկացած կետից տեղափոխել Վլադիկավկազ, այնտեղից էլ` Երեւան: Գագիկ Աղաջանյանը տեղեկացրել է, որ իրականացվել է բեռների փորձնական փոխադրում Օմսկից Երեւան, որը զբաղեցրել է 19 օր` նախկին 35 օրվա փոխարեն: Տրանսպորտային ընկերության ղեկավարն ընդգծել է նաեւ, որ փոխադրման ժամկետի կրճատումն անդրադառնում է նաեւ դրա արժեքի վրա, որը կկրճատվի 10-12%-ով: «Մենք ձգտում ենք իջեցնել գները փոխադրումների որակի եւ արագության 20-25% ավելացման հաշվին»,- ասել է Գագիկ Աղաջանյանը: Նա նկատել է, որ բեռնարկղային փոխադրումների շնորհիվ «Վերին Լարս» անցակետի աշխատանքը դառնում է ավելի նպատակահարմար: Նա հայտնել է նաեւ, որ մայիսի 22-ից «Վերին Լարսը» հատող տրանսպորտային միջոցների բոլոր սահմանափակումները վերացվել են, ինչը թույլ կտա զգալիորեն ավելացնել փոխադրվող բեռների ծավալը: Նրա խոսքերով, 2010թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում սահմանը հատել է տրանսպորտի ընդամենը 500 միավոր, ներառյալ ուղեւորատար եւ մասնավոր տրանսպորտը: Tweet Դիտում՝ 8662