Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ձկնաբույծների միությունը կառավարությանն առաջարկում է ձկնաբուծական տնտեսություններին չպարտադրել ջրաչափեր, այլ նրանց կողմից օգտագործված ջուրը հաշվարկել այլ եղանակով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գեւորգյանն ասել է, որ ավելի նպատակահարմար կլիներ չափել ժամանակի մեկ միավորի ընթացքում ջրավազան լցվող ջրի ծավալը, ապա այն բազմապատկել օգտագործման ողջ ժամանակին: Բացատրելով, թե ինչու են ձկնաբույծները հրաժարվում ջրաչափեր օգտագործել, Արկադի Գեւորգյանն ասել է, որ նախ դրանք տնտեսությունների համար բավականին թանկ կարժենան (շուրջ 1000 եվրո), եւ երկրորդը` ջրաչափերը հաճախ կարող են փչանալ ընդերքից եկող քարերի, ավազի ու աղի պատճառով, կամ դրանք կարող են գողանալ, քանի որ շատ ձկնաբույծներ ունեն մեծ տնտեսություններ եւ չեն կարող վերահսկել ողջ տարածքը: Արկադի Գեւորգյանը կտրականապես դեմ է արտահայտվել հորատանցքերի փակման կամ թողունակության կրճատման գաղափարին, որոնցից ստորգետնյա ջրերը լցվում են ձկնաբուծական ավազաններ, «քանի որ ջուրը ճնշման տակ կլցվի հողի այլ շերտերի մեջ, ինչը կհանգեցնի տարածքի ճահճացմանը»: ՀՀ կառավարության ու ձկնաբույծների միջեւ առաջացած այլ հակասությունների թվում Արկադի Գեւորգյանը նշել է ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող հողերի կարգավիճակի փոփոխությունը գյուղատնտեսականից արդյունաբերականի, ինչը նշանակում է յուրաքանչյուր հեկտարի դիմաց վճարի բազմապատիկ ավելացում: «Վերջին տարիներին Հայաստանում ձկան արտադրության համախառն ծավալն ավելացել է ավելի քան տասնապատիկ եւ կազմել է շուրջ 4,5 հազ. տոննա, իսկ ոլորտի ներուժը կազմում է մինչեւ 60 հազ. տոննա: Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ իշխանությունները պետք է ոլորտին թույլ տան իրացնել ներուժը, այլ ոչ թե խեղդեն այն բուռն աճի փուլում»,- ասել է Արկադի Գեւորգյանը: Tweet Դիտում՝ 12830