Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը կարող է Արժույթի միջազգային հիմնադրամից /ԱՄՀ/ ստանալ $52 մլն` բիզնես-մթնոլորտի բարելավման նպատակով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԱՄՀ-ի առաքելության Հայաստանի գծով ղեկավար Մարկ Լյուիսն այսօր ասել է, որ հիմնադրամի առաքելությունը հասել է ՀՀ իշխանությունների հետ «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) եւ «Երկարաձգվող վարկավորում» (ECF) եռամյա ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատանքային պայմանավորվածությունների կնքմանը: Համաձայնության հիման վրա ԱՄՀ տնօրենների խորհուրդը հունիսի վերջին կանցկացնի քննարկումներ, եւ հավանության դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ վարկային միջոցներ ստանալ` $52 մլն: «EFF/ECF նոր ծրագիրը Հայաստանին թույլ կտա հաղթահարել իր միջնաժամկետ մարտահրավերները, ինչը կնպաստի տնտեսության վերականգնման տեմպի պահպանմանը, վճարային հաշվեկշռի ամրապնդմանը եւ կհանգեցնի աղքատության կրճատման ուղղությամբ շարունակական առաջընթացի ապահովմանը»,- ասել է Մարկ Լյուիսը: Նա նշել է, որ ծրագիրը նախատեսում է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակություն` ուղղված հարկատուների իրավունքների պաշտպանությանը եւ գործարար մթնոլորտի բարելավմանը: «Հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի աջակցել տնտեսական ակտիվությանը, սակայն տնտեսության վերականգնման տեմպի կայունացման հետ մեկտեղ բյուջեի դեֆիցիտն աստիճանաբար կնվազեցվի` պետական պարտքի կայունությունն ապահովելու նպատակով»,- ասել է Մարկ Լյուիսը` վստահություն հայտնելով, որ Հայաստանին կհաջողվի ամբողջությամբ մարել պետական պարտքը: «Իշխանությունները մտադիր են հարկային վարչարարության բարելավման շնորհիվ ընդլայնել հարկման բազան, բացի այդ, նրանք կշարունակեն բարելավել ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը»,- նշել է Մարկ Լյուիսը: Նա ասել է, որ ինֆլյացիայի ցածր մակարդակի պահպանումը կմնա ՀՀ դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակներից մեկը` հավելելով, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով, այս տարի Հայաստանում ինֆլյացիան կլինի 6%-ի սահմաններում: Մարկ Լյուիսը տեղեկացրել է նաեւ, որ ԱՄՀ-ի վերջին գնահատականների համաձայն, ընթացիկ տարում ՀՀ ՀՆԱ աճը կլինի 4%-ի սահմաններում: Tweet Դիտում՝ 10946